Ի՞նչ սպասել Սարգսյան-Ալիև հանդիպումից
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆԱռաջիկայում սպասվում է Սարգսյան-Ալիև հանդիպում: ԱԺ պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշում է, թե կարող է լինել անակնկալ այդ հանդիպման ընթացքում, չնայած այս պահին աշխարհաքաղաքական իրավիճակը որևէ բեկում չի խոստանում:
Բարձր մակարակով կազմակերպվող հանդիպումները կարծես թե վկայում են ակտիվ բանակցությունների մասին: Սակայն, իրականում, սրանք բանակցություններ են ոչնչի մասին: Բանակցությունների ամբողջ իմաստն այն է, որպեսզի կողմերը պարզապես հանդիպեն և կոնֆլիկտի հնարավոր էսկալացիան զսպվի այդ հանդիպումներով:
Քաղաքական այլ գործիքակազմ ԵԱՀԿ-ն այս պահին չունի: Ավելին չունի գործիքներ, որպեսզի կարողանա ստիպել Ադրբեջանին կատարել նախորդ երկու հանդիպումներում գրանցված արդյունքներն ու դրանից բխող պահանջները: Եվ արտգործնախարարներին ու նախագահներին հանդիպեցնելը դարձել է ԵԱՀԿ միակ գործառույթը:
Նմանատիպ հանդիպումները դեռևս կշարունակվեն: Ոչ ԵԱՀԿ-ն, որ Ռուսաստանն, այս պահին չունեն լուծման այնպիսի տեսլական, որը կկարողանար ընդունելի լինել թե խնդրով հետաքրքրված միջազգային բոլոր սուբյեկտների, թե կոնֆլիկտող երկու կողմերի համար:
Այս իմաստով, բանակցությունները կրում են սիմվոլիկ բնույթ և ըստ էության բանակցություններ են ոչնչի մասին:
Արտակ Ասլանյան