Սեֆիլյանի կոչը մնաց անարձագանք
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆԺիրայր Սեֆիլյանի բաց նամակը, որտեղ նա ներկայացրել Հայաստանի ապագայով մտահոգ մարդկանց ցուցակն ըստ Սեֆիլյանի, բավականին շատ քննարկումների տեղիք տվեց: Հաշվի առնելով թվարկված մարդկանց անունները, բուն նամակը մղվես երկրորդ պլան և հիմնական քննարկումը գնում էր այն մասին՝ ինչպես կարձագանքեն նամակին ցուցակում հայտնված անունները:
Դատելով մինչ այժմ եղած քննարկումներից, արձագանքները Սեֆիլյանի նամակին այդքան էլ հուսադրող չեն: Հուսադրող չեն Սեֆիլյանի համար: Հիմնական քաղաքական դեմքերը նամակին չեն արձագանքել: Հետևաբար կամ լռում են կամ էլ պատրաստվում են պատասխանի: Իսկ ցուցակի մյուս անդամներից մի քանիսը, համաձայնելով Սեֆիլյանի հետ, ամեն դեպքում մտահոգություններ են հայտնում, որ մեթոդական խնդիրներում կան անհամաձայնություններ:
Այս ամենը կարելի էր չքննարկել ու թողնել Սեֆիլյյանի և իր կազմած ցուցակը ներկայացնող անձանց ներքին խոհանոցում: Սակայն կա մի փաստ, որ աչքի է զարնում ու մեկնաբանության կարիք ունի: Ցուցակագրված մարդկանցից նրանք, ովքեր հիմա մեթոդական խնդիրներ են տեսնում և կարկամում են դրական արձագանքել Սեֆիլյանի կոչին, հուլիսյան դեպքերի ժամանակ, բավական խրոխտ ու վճռական կեցվածք ընդունած կանգնած էին Սարի թաղի, ՊՊԾ գնդի և Ֆեյսբուքի հարթակներում: Այդժամ նրանց խնդիրը ոչ թե Սեֆիլյանի կողմնակիցերի կազմակերպած գործողությունը վիճարկելն էր, ինչպես հիմա է վիճարկվում Սեֆիլյանի նամակը, այլ գործողության արդարացիության ու արդիականության հիմնավորումը:
Հիմա, երբ ՊՊԾ գնդի գրավման գործողությունը ձախողվել է, մասնակիցները կալանքի տակ են, ընթանում են երկարատև ու հյուծիչ դատավարություններ, թամաշայի անվրդով առաջամարտիկները հանկարծ որոշել են քնննարկել Սեֆիլյանի նամակը: Քննարկելու կարիք բնականաբար կա և կար նաև այն ժամանակ: Բայց այն ժամանակ, երբ կար ակտիվ գործողություն, որի կենտրոնում Սեֆիլյանն ու իր ընկերներն էին, քննարկողները քննարկման ճիգ չէին գործադրում, պարզապես փորձում էին իրենց կարողություններով հանդերձ որևէ կերպ տեղավորվել տեղի ունեցող գործընթացներում: Հիմա որոշել են, որ պիտի քննարկեն:
Սեֆիլյանի կոչը սահմանափակվեց մեկ երկու փակ քննարկումներով և վերջ:
Արտակ Ասլանյան