Կարապետյանի ազգ-բանակը
АНАЛИТИКАԿարեն Կարապետյանը համառորեն չի մասնակցում ազգ-բանակ թեմայով քննարկումներին: Դե յուրե նա կառավարության ղեկավարն է և պատասխանատու է նաև կառավարության մաս կազմող պաշտպանության նախարարության և այդ նախարարության ղեկավարի սկսած նախաձեռնության համար: Բայց դե ֆակտո հասկանալի է, որ նա Վիգեն Սարգսյանի թիմակիցը չէ: Եվ չնայած ազգ-բանակ շրջանակներում արվող նախաձեռնությունների վրա կառավարության կնիքը կլինի, բայց քաղաքական աջակցություն Կարապետյանից սպասել պետք չէ:
Ինչպես Խոսրովի հրդեհի ժամանակ, այնպես էլ ազգ-բանակ թեմայով քննարկումների ընթացքում, Կարապետյանն իրեն դուրս է դնում քաղաքական պրոցեսներից: Նա ՝ մի կողմից չի ցանկանում թաթախվել քննադատության այն ալիքի մեջ, որին արժանանում են իշխանությունները: Մյուս կողմից էլ ՝ ցանկանալով լինել վարչապետ, նա ըստ էության երկրում տեղի ունեցողի, մասնավորապես իշխանության պատասխանատվության դաշտի խնդիրներից իրեն հեռու է պահում:
Հետաքրքրական է այս առումով Շարմազանովի ակնարկը ԵԼՔ-ին ՝ Վիգեն Սարգսյանին ուղղված քննադատությունները վերագրել որպես պատվեր: Պատվիրատուն, ըստ Շարմազանովի ակնարկի, պետք է որ լիներ հենց Կարապետյանը: Այս դեպքում դուրս է գալիս, որ Կարապետյանն անձամբ չի մասնակցում, բայց միջնորդավորված ամեն դեպքում իր ոչն ասում է: Սա այն դեպքում, եթե Շարմազանովի ակնարկը ճշմարտությանը համապատասխանում է:
Իսկ ընդհանրապես իրավիճակն այնպիսինն է, որ իշխանության շատ ներկայացուցիչներ հիմա չեն ցանկանում մտնել Սերժ Սարգսյանին պաշտպանելու գործի մեջ, չեն ցանկանում թիրախավորվել ու քննադատվել, հավանաբար սպասելով նաև իրենց պահին, երբ քննադատված չլինելը թույլ կտա հանրային վստահության պաշար կուտակել և դրա հաշվին իշխանության մասնաբաժին ձեռք գցել:
Սարգիս Մեսրոպյան