Հերոսացնել, հետո ՝ հոշոտել
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՈւսանողները դադարեցրին դասադուլն ու հացադուլը և որոշեցին անցնել կլոր սեղանի ֆորմատով քննարկումներին: ԱԺ նախագահի և փոխնախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը դժգոհություն է առաջացրել շատերի մոտ: Մասնավորապես նրանց, ովքեր իրենց հացը վաստակում են տեսարանների առատությամբ: Եվ այն, որ փակուղի մտած երիտասարդները փորձեցին գոնե ինչ-որ կառուցողական արդյունքի հասնել, չի գոհացնում տեսարան փնտրողներին, որովվհետև կլոր սեղան լուսաբանելը հետաքրքիր չէ, իսկ փողոց փակելու գործողությունը, հացադուլը և այլ բաներ հետաքրքիր են: Մանավանդ, երբ բացի հացից, տեսարանների հանդեպ այդ մարդիկ ունեն նաև քաղաքական նկրտումներ:
Բնականաբար, ասվածը չի նշանակում, թե ուսանողական շարժումն անձեռնամխելի է և քննադատության ենթակա չէ: Բնավ ոչ: Քննադատներ ու սևացնողներ շարժումն ուներ հենց սկզբից: Բայց հիմա քննադատների դերում հայտնվել են օրեր շարունակ շարժումը թմբկահարողները, որովհետև նրանց իսկ հերոսացրած ուսանողները չեն բավարարում հերոսության իրենց ստանդարտներին: Ասել է թե ՝ օրինակ հացադուլի գնալով չեն հասել կյանքի ու մահվան կրիտիկական կետին:
Այն, որ ուսանողական շարժումն ինչ-որ չափով ձախողել է, կարիք չկա անդադար կրկնել: Հաայաստանում մեծ փորձ ունեցող ընդդիմադիր ուժերն են տարիներ շարունակ ձախողվել, ուր մնաց նորաստեղծ ու անփորձ ուսանողների նախաձեռնությունը կարողանար համակարգային փոփոխությունների բերեր: Այն, որ Հայաստանում կա ալընտրանքային օրակարգի խնդիր, դա ևս փաստ է: Բայց նույնիսկ հիմա, երբ թվում է թե ուսանողները նահանջել են, օրակարգի հարցը լուծելի է, եթե կլոր սեղանների ժամանակ ուսանողներն ունենան իրական ասելիք: Բայց նույնիսկ եթե ասելիքն էլ ձախողեն ու ընդհանրապես որևէ հավելյալ արժեք այս ակցիաներից չմնա, կարիք չկա սվիններով ընդունել այն: Հատկապես այն մարդիկ, ոքեր օրեր առաջ գովաբանում, իսկ հիմա դատափետում են երիտասարդներին, ավելի թույլ տեսք ունեն, քան հենց իրենք ուսանողների խումբը, որ ըստ էության միայնակ էր մնացել բոլորի դեմ:
Արտակ Ասլանյան