Վարչապետի անբովանդակ հարցազրույցը
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆԿարեն Կարապետյանը «բացառիկ» հարցազրույց է տվել Մեդիամաքսին: Բացառիկը հենց Մեդիամաքսի բնութագրումն է: Բացառիկ ասելով, թերևս նկատի են ունեցել այն, որ այլ լրատվամիջոցների առանձին հարցազրույց Կարապետյանը չի տվել, իսկ Մեդիամաքսին տվել է: Միգուցե այդ չափանիշով հարցազրույցը բացառիկ է: Բայց բովանդակային իմաստով այն բացառիկ չէ, այն պարզապես անբովանդակ է: Անբովանդակ է, որովհետև հարցազրույցն արված է ոչ թե տնտեսության համակարգողի, ոչ թե քաղաքական սուբյեկտի, այլ Կարեն Կարապետյան աստղի հետ: Իսկ Կարապետյանն աստղ չէ, անկախ նրանից, թե մեդիան նրան ինչպես է ընկալում կամ իրեն ինչպես է մատուցում Կարապետյանը:
Հարցազրույցում մասնավորապես հնչում են նմանատիպ հարցեր ՝ «Այդ դեպքում մեր զրույցն ավարտենք այս հարցով՝ աշխարհում ավելի շատ են բարի՞, թե՞ չար մարդիկ» կամ Իսկ ռոքի սիրահար ինչպե՞ս դարձաք: Պատասխաններն, իհարկե, հարցերին լրիվ ներդաշնակ են, նույն ոճի մեջ: Լրատվամիջոցին մեղադրելու տեղ անշուշտ չկա: Ամեն լրատվամիջոց ինքն է որոշում իր աշխատելաոճը: Բայց հարցազրույցներ չշռայլող վարչապետը, մանավանդ հիմա, լավ կաներ բացառիկ հարցազրույց տար ասենք տնտեսության վիճակի կամ գոնե իր քաղաքական հեռանկարների մասին, հարցերի, որոնք հանրությանն ավելի շատ են հուզում, քան վարչապետի անձնական, էսթետիկական ու բարոյահոգեբանական ընկալումներն ու փորձառությունը:
Վարչապետն, իհարկե, անփորձ մարդ չէ: Բնականաբար, երբ նա որոշում է բացառիկ հարցազրույց տալ հենց նման հարցերի պարագայում, ուրեմն հաշվել է հետևանքները: Իսկ հետևանքներն այնպիսին են, որ Կարեն Կարապետյանը ընկալվում է առավելապես որպես մեդիա բռենդ, որպես աստղ, բայց ոչ որպես տեխնոկրատ մենեջեր կամ քաղաքական սուբյեկտ:
Արտակ Ասլանյան