«Վերևներում» անորոշությունը տագնապի է վերաճում
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Խիստ ամորֆ վիճակ է տիրում իշխանական վերնախավում ու իշխող կուսակցության պատգամավորների շրջանում: Բոլորը խուսափում են լրագրողների հետ շփվել: Աշխատում են աննկատ մնալ, մինչև ջրերը պարզեն: Հատկապես «շառոտ» հարցերից են «խրտնում»: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն իր շրջապատին հասկացրել է, որ դեռ չի որոշել 2018–ի ապրիլից հետո իր կարգավիճակի հարցը: Կգնա՞ վարչապետի պաշտոնին, թե մեկ այլ «ձևաչափով» կղեկավարի երկիրը: Կարեն Կարապետյանն էլ իր հերթին մի քանի անգամ նշել է, որ կուզենար վարչապետ մնալ: Ճիշտ է՝ շատերը համոզված են, որ Սերժն է լինելու: Բայց, դե մարդ ես, հանկարծ ու այլ բան որոշի: Նույն վիճակն է նաև բիզնեսմենների շրջանում: Կոպիտ ասած, փողն այսօր չի «ֆռռում»: Բոլորն զգուշանում են, կուտակածը խորը «թաքցնում»: Ո՞ւմ հետ ավելի մտերմանան, գուցե պետք լինի թիմը «փոխել»:
Մինչև 2018–ի ապրիլ բիզնեսմենները լուրջ ներդրումներ չեն անի, ռիսկը մեծ է: ՀՀԿ որոշ պատգամավորներ ուղղակի ընդհատակ են անցել, հատկապես նրանք, ովքեր կուսակցություն փոխելու լուրջ պրակտիկա ունեն: