Դարավոր եղբայրությու՞ն, թե՞ տարրական վախ
АНАЛИТИКАՀայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո կրկին ակտիվացել են Կրեմլին ծառայող ռուս փորձագետները, մտավորականները ու հրապարակախոսները: Ակտիվացել են հայ-ռուսական հարաբերությունների թեմայով ու փորձում են հիմնավորել, արդարացնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի հերթական խմբաքանակը վաճառելու փաստը, միաժամանակ քննադաատելով Հայաստանի ՝ աշխարհաքաղաքական այլընտրանքերի որոնումները:
Հիմնավորում են, իբրև թե, զենքի վաճառքն ընդամենը բիզնես է, նեղանալու կարիք չկա: Մի կողմ թողնենք, այն հանգամանքը, որ զենքի առևտուրն իսկապես եկամտաբեր բիզնես է, մանավանդ Ռուսաստանի պես երկրի համար, ով զենքից ու գազից բացի այլ բան այդպես էլ չսովորեց արտադրել:
Ինչ կարիք կա խոսեցնել գրչակներին ու հրապարակախոսներին, այնպիսիններին, ինչպիսին են օրինակ հայտնի ռուս նացիոնալիստ Պրոխանովը, ով վերջերս այցելել էր Ադրբեջան, գրկախառնվել Ալիևին ու իր ադրբեջանցի ընկերներին:
Բիզնես եք անում, ուրեմն արեք, առանց ավելորդ շաղակրատանքի, առանց Հայաստանին կուտ տալու փորձերի: Իսկ եթե վախենում եք Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճից, ապա ուշացել եք: Հակառուսական տրամադրությունները այլևս հայ հասարակության անբաժանելի մասն են: Չէր կարող այլ կերպ լիներ, երբ ապրիլին մեր համաքաղաքացիները սպանվում էին ռուսական զենքով: Ու որ ամենավատն է, պատերազմի հրահրման մեջ էլ ակնհայտ երևում էր ռուսական ձեռքը:
Բայց իհարկե, խնդրի վերջնական գիտակցումը մեր մոտ է: Անընդհատ չի կարելի հիասթափվել ռուսներից: Ինչպես Վանոն էր ասում ՝ հիասթափվելու համար էլ կամք է պետք: Բայց այդ կամքը մենք կարծես չունենք, կամ վախենում ենք, կամ էլ մտածում ենք, որ ռուսներն ամեն դեպքում մեր բարեկամներն են: Այո, բարեկամներն են, ոխերիմ բարեկամները:
Նեղանալ պետք չէ Ռուսաստանից, ոչ էլ անընդհատ հիասթափվել: Պետք է հստակ հասկանալ, որ ազգերի միջև եղբայրություն չի լինում, լինում են շահեր: Եթե ուժեղ պետություն ես, քո հետ հաշվի են նստում: Եթե ուժեղ չես, քեզ հեքիաթներ են պատմում եղբայրության մասին, հետո քո թշնամուն զենք վաճառում:
Արտակ Ասլանյան