Արմեն Դարբինյան. «Շատ անգամներ համբերել եմ և չեմ արտահայտվել, բայց այլևս բավական է»
ԲԼՈԳՀՀ նախկին վարչապետ, Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երեկ հերթական անգամ հրապարակայնացվեց բուհական կոռուպցիայի մասին հարցը: Բավական բարձր հարթակից՝ որպես Եվրոպական գրանտային ծրագրի ամփոփագիր: Շատ անգամներ համբերել եմ և չեմ արտահայտվել, բայց այլևս բավական է. տիկնայք և պարոնայք գրանտատուներ, գրանտաորսներ և գրանտակերներ, չհամարձակվեք այլևս ստվեր գցել Հայաստանյան համալսարանական հանրության վրա: Համալսարաններում աշխատող ուսուցիչները, դասախոսները և գիտնականները մեր երկրի ամենապատվարժան մարդիկ են, իրենց անձնուրաց աշխատանքով Նոր Երկիր կառուցելու սաղմն են ստեղծում այժմ:
Պարոնայք պաշտոնյաներ, եթե կան բուհական կոռուպցիայի փաստարկված ապացույցներ, հրապարակեք դրանք՝ անուն առ անուն, և թույլ մի՛ տվեք, որ եզակի խեղճ ու կրակ մոլորյալները ստվերեն մեր բազմահազար և արժանապատիվ հանրությունը: Իմ կողմից պաշտոնապես հայտարարում եմ. Հայ–Ռուսական համալսարանում կոռուպցիա չկա, և երբևիցե չի՛ եղել, դրա երաշխավորը ես եմ՝ որպես համալսարանի ռեկտոր: Նաև հրավիրում եմ պարոն դեսպան Սվիտալսկուն մեր համալսարան՝ սիրով կկիսվեմ նրա հետ մեր ձեռքբերումներով և փորձով»: