Ինչու՞ են աղմկում հանրապետականները
АНАЛИТИКАՀանրապետականներն ամեն առիթով խոսում են Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին: Փոքրից մեծ, կարևոր պաշտոնյայից ՝ անկարևոր, բոլորի շուրթերին նույն միտքն է ՝ անկախ պաշտոնից Սարգսյանը պիտի լինի իշխանության առաջին համարը: Ոմանք դա կրկնում են լիրիկական զեղումներով, ոմանք պարզապես:
Կարող է տպավորություն ստեղծվել, թե Հյուսիսային Կորեայում ենք ու գործ ունենք անհատի պաշտամունքի հետ: Բայց իրավիճակն, իրականում, շատ պարզ է, կարելի է ասել չափից շատ պրագմատիկ ու կենցաղային: Հանրապետականները ոչ թե գովերգում են Սերժ Սարգսյանին ինչ-որ թաքնված մոտիվացիա ունենալով, այլ ունեն կոնկրետ խնդիր: Քաղաքական համակարգը փոփոխվում է, բոլոր կալիբրի հանրապետականները ունեն որոշակի անորոշություն թե ի վերջո որտեղ են լինելու իրենք, իշխանության որ օղակում, որ պաշտոնում, ինչ դիրքում:
ՀՀԿ-ն իր մեջ կուտակել է ողջ քաղաքական ներկապնակը, հիմքում ունենալով ուժի գերակայությունը: Այլ կերպ ասած միավորող գաղափարախոսություն ՀՀԿ-ում չկա, կա մեկ միավորող հանգամանք ՝ ուժ, փող , իշխանություն: Սերժ Սարգսյանը ՝ ՀՀԿ-ում հավաքված բազմաթիվ հակադիր ուժերի միջև եղած բուֆերն է, կոնֆլիկտ մենեջերը, ով հարթում է բոլորի միջև եղած խնդիրները, բաժանում, բաշխում բարիքները:
Եվ այս իմաստով բնական է, որ հիմա, երբ քաղաքական համակարգը փոփոխվում է, հանրապետականները օր ու գիշեր Սարգսյանի գովքն են անում: Սարգսյանի ներկայությունը կայունության միակ երաշխիքն է հանրապետականների համար:
Արտակ Ասլանյան