Էրդողանի բացահայտումը
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆԹուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, թե Հայաստանը տուրք տալով «հայկական սփյուռքին», Թուրքիայի հետ «բարեկամության դուռը փակ պահելու» հետեւանքով դուրս է մնում տարածաշրջանային տնտեսական նախագծերից: Էրդողանը ասել է այն, ինչ վախենում են ասել Հայաստանում: Վախենում են ասել հիմա, բայց ժամանակին ոչ միայն ասում էին, այլև անում էին, երբ Տեր-Պետրոսյանը սփյուռքի ու հայդատականության մոտեցումները անտեսելով փորձում էր Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցել ՝ զրկելով Ադրբեջանին պատերազմում դաշնակցից:
Էրդողանը, սակայն, ճշմարտության միայն կեսն է հնչեցնում, որովհետև բացի Սփյուռքից խանգարող մեկ այլ հանգամանք էլ կա ՝ Ռուսաստանը, որը քանիցս տապալել է Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային նախագծերին: Էրդողանն այս ամենը գիտի և հարց է առաջանում, այս դեպքում նրա հայտարարության մեջ տողատակ կա, թե ոչ:
Հայաստանն այժմ գտնվում է ակտիվ խաղաքարտի դերում, որը խաղարկվեց Եվրոպայի ու Ռուսաստանի միջև: Չի բացառվում, որ Հայաստանի այս դիրքավորումը կօգնի խաղաքարտ լինել նաև տարածաշրջանային այլ դասավորություններում, օրինակ Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններում:
Մնում է միայն հուսալ, որ խաղաքարտի դիրքավորումը չի վերածվի մանրադրամի դիրքավորման ու Հայաստանին պարզապես «չեն խուրդի» աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային բազմաշերտ խաղերից մեկի ժամանակ:
Արտակ Ասլանյան