Մեր երկրի ապրելու բանաձևը
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Մեր փոխվելու ազդանշանները տրվեցին դեռևս այն ժամանակ, երբ փոփոխություններ կատարվեցին Սահմանադրության մեջ, կամ կարելի է նաև ասել, որ, ըստ էության, ընդունեցինք նոր Սահմանադրություն:
Ու դրանից հետո, ժամանակ առ ժամանակ, այս կամ այն դեպքի կամ միջադեպի հետ կապված, այս կամ այն առումով վերևից հրահանգներ են գալիս, որ այսուհետև ապրենք ճիշտ, լինենք ազնիվ, մեր կյանքը կազմակերպենք արդարամտորեն: Մի խոսքով՝ մեր երկիրը դարձնենք արդար երկիր:
Բայց, ի՞նչ խոսք, ճշմարտության առաջ չմեղանչելու համար պետք է ասենք, որ այդ հորդորները, եթե անգամ դրանք գալիս են պահանջի տեսքով էլ, մեր կյանքում ոչինչ չեն փոխում: Մենք էլի՛ ապրում ենք այնպես, ինչպես ապրել ենք այսքան տարիներ: Համարյա շուտով կլինի 30 տարի:
Դեռ ավելին՝ ժամանակին համընթաց գնալով ավելի ենք վատ ապրել այդ առումով: Կոռուպցիան ավելի է ծլարձակել ու ծաղկել: Հարուստի ու աղքատի միջև ընկած անդունդն ավելի է լայնացել. աղքատն ավելի է աղքատացել, հարուստն էլ ավելի է հարստացել: Եվ սրան բնավ չի խանգարել, թե մեր երկրի հիմնական օրենքում ինչ է գրված սոցիալական երկիր ունենալու մասին:
Եվ այս իրավիճակը, բնականաբար, պրոյեկտվել է նաև ներքևներում: Ներքևի կյանքն էլ դարձել է նմանությամբ վերևում եղածի:
Ու այստեղ էլ՝ շարքային մարդկանց մոտ էլ է հիմնավորվել այն մտայնությունը, որ պետք է ապրել այնպես, ինչպես կարողանում ես: Որ նպատակն արդարացնում է միջոցները: Ուզում ես՝ գողացիր, ուզում ես՝ թալանիր, ձեռքդ ինչ ընկնում է՝ տար տուն: Որպեսզի ապրես: Ա՛յս է ապրելու բանաձևը մեր երկրում:
Մոտավորապես՝ ինչպես ջունգլիներում:
Թե չէ, չանողին ի՞նչ է սպասվում: Չկան սոցիալական երաշխիքներ, չկան անկախ և անաչառ դատարաններ, չեն գործում աշխատանքային և հարակից օրենսգրքերը, մարդու իրավունքների պաշտպանված լինելու մասին էլ խոսակցությունները հեքիաթի ժանրից են:
Ուստի, թույլատրված միջոցներով, թեկուզ՝ չգրված օրենքով, արա այն, ինչ կարող ես, վերցրու այն, ինչ կարող ես:
Իսկ մեր նման հասարակություններում չգրված օրենքներն ավելի զորավոր են, քան գրվածները: Ի վերջո, ավանդույթներ սիրող ազգ ենք: Եվ այդ ավանդույթներով հպարտացող ազգ ենք նաև: Սա ամենքս գիտենք, և այդ իրողությունը բարձրացրել ենք քաղաքականության մակարդակի:
Օրերս ՀՀ նախագահը կրկին հայտարարեց, որ պետք է այլևս ապրենք ազնիվ: Հայտարարեց մեր երկրի կառավարման ներքին շերտի որոշ անազնիվների շրջանում: Նա փաստորեն համայնքապետերին ասաց, որ այսուհետ չպետք է գողանան ու ձեքներն ընկածը տուն չտանեն: Եթե ձեռ է տալիս՝ աշխատեն 200 հազար դրամ աշխատավարձով, ձեռ չի տալիս՝ չաշխատեն:
Շա՛տ լավ է ասված: Ազնի՛վ է ասված:
Բայց մարդը փոխվում է մի երկու գործոնի ազդեցությամբ: Իհարկե, եթե փոխվում է: Եվ դրանցից հիմնականը վախի գործոնն է: Եթե վախենում է, ապա չի անում, կամ որ նույնն է մեր պարագայում՝ փոխվում է: Իսկ եթե չի վախենում, ապա՝ ինչպես գայլի գլխին ավետարան կարդաս:
Մեկ էլ մարդը կփոխվի, երբ հանկարծ ինչ–որ ներքին պայծառացում ապրի ու հասկանա, որ գողանալը մեղք է: Ու այս դեպքում էլ այլևս երբեք չի գողանա:
Հիմա մեր համայնքապետերի պարագայում ո՞ր գործոնն է դեր խաղալու, որ սկսեն այլ կերպ ապրել: Ներքին հոգևոր պայծառացում կունենա՞ն, թե չեն ունենա: Դա խիստ անձնական ու խիստ ներքին հարց է. ո՞վ կարող է իմանալ, թե տվյալ մարդն ինչպե՞ս և ինչի՞ ազդեցության տակ հոգևոր հարություն ապրեց: Եվ՝ ապրե՞ց, թե չապրեց:
Մնում է վախի գործոնը: Բայց, լա՛վ, թող վախենան: Բայց ո՞ւմից վախենան: Կամ ինչո՞ւ վախենան:
Այդ ե՞րբ հրապարակում պարան տեսան, որի վրա ճոճվում էր այս կամ այն գողի, թալանչու, պետական սեփականությունը յուրացնողի կամ ուրիշ մարդու պատկանելիքն իրենով անողի մարմինը: Չեն տեսել, չէ՞: Էլ մեր կառավարման ստորին օղակի մարդիկ ինչո՞ւ պետք է վախենան: Իրենք են՝ իրենց գյուղերը, իրենք են՝ իրենց սարերը: Ինչպես ուզեն, այնպես էլ կվարվեն:
Ի վերջո, քաղաքական մի նոր անցուդարձ կլինի, ու ամեն ինչ կմոռացվի: Էլ ո՞վ է հիշելու, թե երկրի նախագահը համայնքապետերին ի՞նչ է ասել: Հիմա էլ տաք–տաք կքննարկվեն նրա մյուս ասածները՝ այս անգամ հասարակության այլ շերտերին վարաբերվող:
Այնպես որ, ոչինչ սարսափելի չկա, ոչինչ սարսափելի տեղի չի ունեցել: Օրեր են, կգան ու կգնան: Հանգի՛ստ ապրենք:
Գոհար Սարդարյան