Չինաստանը կմիանա՞ Մերձավորարևելյան քառյակին
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերն օրերս հայտարարել էր, թե Ռուսաստանից բացի՝ Չինաստանն էլ իր հերթին է խարխլում համաշխարհային աշխարհակարգն ու վտանգում ԱՄՆ ազգային անվտանգությունը:
Խոստովանենք՝ սա անսպասելի հայտարարություն չէր, որովհետև ԱՄՆ ուղեղային կենտրոններում հաճախ են այնպիսի տեսակետներ շրջանառվում, թե Վաշինգտոնը պիտի Մոսկվային հանգիստ թողնի և նույնիսկ համագործակցի նրա հետ՝ ընդդեմ ԱՄՆ–ի հիմնական և բոլոր առումներով վտանգավոր մրցակից Չինաստանի:
Սակայն, ինչպես երևում է, Սպիտակ տունն իր իսկ ռազմավարությանը հակառակ քայլեր է ձեռնարկում և, ուժգնացնելով հակասությունները միաժամանակ՝ Բրյուսելի ու Մոսկվայի հետ, ռազմավարական նշանակությամբ Մերձավոր Արևելքում կանաչ ճանապարհ է բացում ոչ միայն այս բոլորի, նաև՝ Թեհրանի, այլև Չինաստանի համար:
Առիթը, որքան էլ զարմանալի թվա, ոչ միայն սիրիական պատերազմն է, և Սիրիան վերականգնելու նպատակով՝ Պեկինի մերձավորարևելյան հայտնությունը (ինչի մասին մի քանի անգամ ենք բարձրաձայնել՝ շեշտելով նաև Իսրայելում չինական բիզնեսի ծաղկումը), այլև Երուսաղեմի առնչությամբ՝ ԱՄՆ դիրքորոշումն ու արաբա–իսրայելական հակամարտության հարցում նոր միջնորդների փնտրտուքը:
Ընդ որում՝ ոչ միայն մահմեդական աշխարհի, այլև ԵՄ–ի կողմից: Տեսեք. չնայած Իսրայելի վարչապետի հետ բանակցություններից հետո ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոհերինին հայտարարեց, թե կասկածի տակ չի դնում ԱՄՆ միջնորդական առաքելությունը, այդուհանդերձ, անչափ հետաքրքիր մի ուղերձ հնչեցրեց, ինչը, վստահ ենք, «երկրաշարժ» առաջացրեց Վաշինգտոնում:
«ԱՄՆ–ի հայտարարությունից հետո մենք կողմերի և տարածաշրջանային ու միջազգային գործընկերների հետ Խաղաղության պրոցեսում ակտիվորեն ներգրավվելու անհրաժեշտություն ենք տեսնում, և այդ հարցում մեր դիրքորոշումն ընդհանրական է…հակամարտության միակ իրական լուծումը 2 պետությունների ձևավորումն է, իսկ Երուսաղեմի խնդրի լուծումը՝ միաժամանակ Պաղեստինի ու Իսրայելի մայրաքաղաքը լինելը:
ԵՄ անդամ–երկրները կշարունակեն հարգել Երուսաղեմի առնչությամբ ձեռք բերված միջազգային կոնսենսուսն այնքան ժամանակ, քանի դեռ Սուրբ քաղաքի վերջնական կարգավիճակը, կողմերի միջև ուղիղ բանակցությունների միջոցով, չի հստակվի… Մենք ընդգծում ենք նաև Երուսաղեմի կարևորությունը 3 մոնոթեիստական կրոնների՝ հուդայականության, քրիստոնեության և մահմեդականության համար, և մեր 28 անդամ–երկրների ու ԵՄ ինստիտուտների անվերապահ աջակցությունն ենք հայտնում Հորդանանին, որն առանցքային դերակատարում ունի Սրբազան վայրերի պահպանության հարցում… այսպիսով՝ մեր ուղերձը հստակ է.
անհրաժեշտ է նոր բանալիներ գտնել խաղաղությանն ուղղված գործընթացը վերականգնելու համար… կշարունակենք աշխատել կողմերի, ԱՄՆ–ի հետ՝ Մերձավորարևելյան քառյակի շրջանակներում, Հորդանանի և Եգիպտոսի, ինչպես նաև՝ միջազգային գործընկերների հետ… այդ նպատակով մենք հունվարին Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին այստեղ ենք հրավիրել… կփորձենք մի լուծում գտնել այս հարցում՝ խուսափելով վտանգավոր վակուումից, որը կարող են ռադիկալ և էքստրեմիստական տարրերը լցնել, որոնց մենք չենք կամենում ո՛չ տարածաշրջանում, ո՛չ էլ մեկ այլ վայրում տեսնել»,– մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Մոհերինին (eeas.europa.eu):
Հիմա. ակնհայտ է, որ ԵՄ–ն ուղիղ կերպով է մեղադրում ԱՄՆ–ին՝ միջազգային կոնսենսուսը խախտելու համար, բացառում է նրա միանձնյա միջնորդական առաքելությունը, ընդգծում է, որ ԱՄՆ–ի հետ շփումներն այս հարցով բացառապես Մերձավորարևելյան քառյակի շրջանակում կսահմանափակվեն, իսկ որ ամենակարևորն է՝ շեշտում է, որ ԵՄ–ն նոր գործընկերներ կներգրավի:
Ամեն ինչից երևում է, որ վերջինիս դերում ԵՄ–ն հենց Չինաստանին է տեսնում, որի ԱԳ նախարար Վան Յին օրերս Պեկինի դիվանագիտական ֆորումում հայտարարեց տարածաշրջանի՝ Չինաստանի համար նոր կարևորության մասին: Այս մասին դեռ կխոսենք, իհարկե, բայց այս պահին իսկ ամրագրենք, որ Յինի ելույթի մերձավորարևելյան հատվածն ամբողջությամբ համահունչ էր ԵՄ ընդհանրական տեսակետին: Իսկ եթե տարածաշրջանում Պեկինը, ԵՄ–ից բացի, միանա նաև ՌԴ–ին ու Իրանին՝ Թրամփի հայտարարությունը ոչ միայն սադրիչ, այլև խիստ անհեռատես է հնչում:
Գոհար Սիմոնյան