Մատենադարանի պահոցը արժեքավոր նոր ձեռագրերով, փաստաթղթերով է համալրվել
ՄՇԱԿՈՒՅԹԱնցնող տարին Մատենադարանի համար հաջողակ տարի է եղել: Այդ մասին լրատվամիջոցի հետ զրույցում նշել է տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը:
«2017 թվականը գերազանցում է նախորդ տարիների արդյունքները: Հրատարակված գիտական հոդվածների թվով այս տարին երեք անգամ գերազանցում է 2015 թվականը և եթե նախկինում 50 գիտական հոդված էր հրատարակվում, ապա այս տարի` 150-ից ավելի են»,- ասել է Վահան Տեր-Ղևոնդյանը:
Հոդվածների ուղղվածությունները տարբեր են եղել՝ բանասիրություն, պատմագիտություն, արվեստաբանություն, աստվածաբանություն, բնագրագիտություն, ձեռագրագիտություն և այլն: Բացի այդ, այս տարի կազմակերպվել է չորս միջազգային գիտաժողով, որից մեկը հայերեն Աստվածաշնչի տպագրության 350-ամյակի առիթով:
Կազմակերպվել է նաև Նարեկացիական 3-րդ ընթերցումներ, որի հիմքը երկու տարի առաջ դրել է Մատենադարանի նախկին տնօրեն հանգուցյալ Հրաչյա Թամրազյանը:
Այս տարին հարուստ է եղել նաև համալրումների առումով: Նվիրաբերվել են մի շարք արժեքավոր ձեռագրեր, խոշոր արխիվային հավաքածուներ: Այդ թվում՝ 15-րդ դարում Երուսաղեմում գրված Ավետարան, որը հետագայում օժտվել է արծաթյա գեղեցիկ կազմով:
«Այն մեզ նվիրել է ամերիկահայ մի ընտանիք, որը ներկայում ցուցադրվում է: Իրանահայ Ավո Հովհաննիսյանը տարիների ընթացքում Մատենադարանին նվիրաբերել է ձեռագրեր, հնատիպ գրքեր, արխիվային փաստաթղթեր: Այս տարի ևս նրա շնորհիվ հարստացել է մեր ֆոնդը, նվիրաբերված փաստաթղթերը Նոր Ջուղայի, այնտեղ բնակված ընտանիքների մասին են: Այս տարի ստացել ենք նաև հայագետ-բյուզանդագետ Հրաչ Բարթիկյանի արխիվը: Ուղարկվել են արխիվներ Ֆրանսիայից, մոտ օրերս սպասում ենք նյութեր ԱՄՆ-ից՝ նշանավոր հայագետ Չարլզ Դաուսեթի ֆոնդը»,-ասել է նա:
Մատենադարանի ձեռագրերի հավաքածուն գերազանցում է 20 հազարը, որի զգալի մասը նվիրատվություններ են: Ձեռագրերից 17 հազարը հայերեն է, մնացածը` արաբերեն, պարսկերեն, օսմաներեն, հունարեն, լատիներեն, ասորերեն, եբրայերեն, եթովպերեն, վրացերեն և այլն: