Ադրբեջանի քարոզչական կրակոցը ռուսական խոսափողով
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՌուսաստանի Պետդումայում «Ֆաշիզմի հերոսացման և նեոնացիզմի վերածնման դեմ պայքար» խորագրով կլոր սեղան-քննարկման ընթացքում քաղաքագետ Սերգեյ Մարկովը և այլ ադրբեջանամետ գործիչներ ասել են, որ Հայաստանն այն երկրների թվում է, որտեղ կան «ֆաշիզմի հանցակիցների արձաններ»:
Քննարկման ընթացքում, մասնավորապես, հիշատակվել է նացիզմի հերոսացման դեմ պայքարի վերաբերյալ տարվող օնլայն-ստորագրահավաքը։ Դրա շրջանակում եղել է նաև պահանջ՝ հեռացնել Երևանում Գարեգին Նժդեհի հուշարձանը: Միջոցառման արդյունքում նախատեսվում է նացիզմի և ֆաշիզմի քարոզչությունն արգելող օրենսդրական ակտերի կիրառման առաջարկություն ներկայացնել, հայտնում է Ինտերֆաքս-Ադրբեջանը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 29-ի ասուլիսում անդրադառանլով հարցին, ասել է, որ Նժդեհի արձանի քանդման պահանջները հակառակորդների կողմից շահարկումներ են։ ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, հանրային պալատի ներկայացուցիչ, քաղաքագետ Սերգեյ Մարկովը հայտնի է իր ադրբեջանամետ կեցվածքով, և բազմիցս հանդես է եկել հակահայ հայտարարություններով և նախաձեռնություններով:
Փաստորեն, Ադրբեջանը փորձում է Հայաստանի ուղղությամբ գրոհել ոչ միայն ռուսական զենքով, այլև ռուսական քաղաքականությամբ: Մնում է հասկանալ, արդյոք գործ ունենք ռեալ ռուսական քաղաքականության հետ, թե խոսքը միայն ադրբեջանական լոբինգով զբաղվող առանձին խմբերի մասին է: Եթե խոսքը ռուսական պաշտոնական դիրքորոշման մասին է, ապա իրավիճակը լուրջ է: Եթե խոսքը մասնավոր խմբերի է վերաբերում, ապա դիվանագիտական մակարդակով պետք է հստակեցվի, թե ինչ վերաբերմունք ունի Կրեմլն այդ խմբերին:
Սարգիս Մեսրոպյան