Մեծ Բրիտանիայում ապաստան գտած ռուսներն անվտանգության աշխատակիցների հսկողության տակ են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայում վերջին օրերին տեղի ունեցող անհասկանալի իրադարձությունների ֆոնին երկրի անվտանգության մարմիններն ուժեղացրել են հսկողությունը Ռուսաստանի քաղաքացիների հանդեպ:
«Կոմերսանտ» թերթի տվյալներով՝ մի շարք ռուսներ, ովքեր ապաստան էին գտել Մեծ Բրիտանիայում անվտանգության աշխատակիցների հսկողության տակ են վերցվել:
«Սոլսբերիում թունավորման դեպքից հետո իմ տան մոտ ոստիկանության մեքենա է հերթապահում»,- «Կոմերսանտին» ասել է ռուս քաղաքական էմիգրանտներից մեկը:
Մարտի 12-ին, «Աէրոֆլոտի» նախկին փոխտնօրեն Նիկոլայ Գլուշկովին մահացած էին հայտնաբերել Լոնդոնի իր տանը: Գլուշկովի պարանոցին բռնության հետքեր էին առկա: Արդյոք Գլուշկովը բռնի մահո՞վ էր մահացել, թե ոչ՝ կպարզի քննությունը:
«Աէրոֆլոտի» նախկին փոխտնօրենը բնակվում էր Լոնդոնի հարավ-արեւմտյան Քինգսթոն նահանգում: Թիկնապահ կամ պահակ չուներ: Հարեւանների պնդմամբ՝ վերջերս ոչ մի կասկածելի բան տեղի չէր ունեցել:
Ռուսաստանում Գլուշկովին ձերբակալել էին կեղծիքի և դրամաշորթության համար: «Կոմերսանտը» նշում է, որ գործարարն իր վերջին հարցազրույցում անհանգստություն չէր հայտնել իր կյանքի համար: Գլուշկովը պատրաստվում էր Լոնդոնի Բարձրագույն դատարանում լսումներին. պետք է տրամադրեր փաստաթղթեր, որոնք հաստատում էին իր անմեղությունը, այն է՝ «գողությանը չմասնակցելը»:
2017 թ. ռուսական դատարանը Գլուշկովին հեռակա դատապարտել էր ութ տարվա ազատազրկման՝ մեղադրելով 1990-ականներին Բորիս Բերեզովսկու հետ հանցակցելով, «Աէրոֆլոտից» 123 միլիոն դոլար «գողանալու» համար:
Հիշեցնենք, որ մարտի սկզբին բրիտանական Սոլսբերի քաղաքի պուրակի նստարանին անգիտակից վիճակում հայտնաբերել էին Գլխավոր հետախուզության վարչության (ГРУ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին ու իր դստերը՝ Ջուլիային: Թունավորում ախտորոշմամբ նրանք հոսպիտալացվել էին ու մինչ օրս դեռ կոմայի մեջ են: