Կարեն Սիրունյան. «Թուրքիայում հայկական կողմը պետք է զերծ մնա հրապարակում հայտնվելու վտանգից»
ПОЛИТИКАԹուրքագետ Կարեն Սիրունյանը ստամբուլահայ համայնքի կողմից Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդի պաշտոնից չհեռացած Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի դեմ հայկական եկեղեցիներում իրականացվող բողոքի դրսևորումները փողոց տեղափոխելը անցանկալի է համարում, քանի որ իրականում Թուրքիան կանգնած է հերթական ռազմական հեղաշրջման ճանապարհին:
«Թուրքիայում ապստամբություններ իրականացնելը սովորական երևույթ է: Ամեն օր Թուրքիայում նոր պայթյուն է տեղի ունենում, ինչը Աֆրինի դեպքերի պատասխանն է: Եվ չի բացառվում, որ թուրքական իշխանությունները հայերի, քրդերի և այլ հարցերի շուրջ փորձի ներքին խժդժություններ առաջացնել, հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու նպատակով: Ամեն դեպքում հայերը պետք է չեզոքություն պահպանեն, առանց ներքին հարցերի վերաբերյալ վերաբերմունք դրսևորելու»,- ասաց Կ. Սիրունյանը:
Թուրքագետի կարծիքով Հայոց պատրիարքական փոխանորդի պաշտոնում պետք է այնպիսի թեկնածու ընտրվի, որը կընդունվի թե՛ հայոց, թե՛ միջազգային հանրության կողմից: Դա ձեռնտու կլինի նաև թուրքական իշխանություններին, քանի որ հայկական համայնքի ներքին կոնֆլիկտներից սկսած մինչև քրդական և այլ գործոններ կարող են գերտերությունների կողմից օգտագործվել թուրքական կառավարությունը տապալելու համար:
«Միջազգային ճնշման տակ կարող է ցանկացած կայծ օգտագործվել Թուրքիայի ներսում հրդեհ բռնկելու համար, որը թուրքական ներկա իշխանություններին ձեռնտու չէ: Դժվար է հասկանալ, թե Էրդողանն ինչ է մտածում, բայց չի բացառվում նաև, որ թուրքական իշխանությունները հայկական խնդիրն օգտագործելով, կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ «բզբզալով», փորձում է հիմք ստեղծել, որպեսզի վաղը-մյուս օրը օգտվի առիթից և հարձակվի հայաբնակ Կամիշլիի վրա»,- ասաց Կ. Սիրունյանը:
Ըստ թուրքագետի, Աթեշյանի հանդեպ անհանդուրժողական վերաբերմունքի դրսևորումներին Հայաստանի նախագահի, կամ Կաթողիկոսի ցանկացած միջամտություն կամ հայտարարություն կարող է թուրքական իշխանությունների կողմից դիտվել որպես միջամտություն երկրի ներքին խնդիրներին, ուստի լավ կլինի, որ երրորդ երկրների միջոցով իրականացվի նման քայլերը և այս հարցում բավականին զգուշավորություն դրսևորվի:
«Պետք է հայկական պետական և կրոնական իշխանությունները հայ համայնքին փորձեն զերծ պահեն այս ամենից, որպեսզի ներքին հարցերը որպես «խայծ» հնարավոր չլինի օգտագործել մեր իսկ դեմ, և պետք է ոչ թե հանդես գան անմիջական հայտարարությունների ձևով, այլ վարեն՝ «կուժ քեզ եմ ասում, կուլա դու հասկացի» քաղաքականություն: Մեր ներքին խնդիրը փողոց հանելը ձեռնտու չէ մեր տեսանկյունից, քանի որ ցանկացած մանր հարցից մեծ հարցեր կարող են ծագել և եթե ոչ այսօր, ապա վաղը այդ երկրում հեղափոխություն է լինելու: Եվ այս ֆոնին հայերը պետք է վարեն այնպիսի քաղաքականություն, որպեսզի չհայտնվեն հրապարակում»,- ասաց Կ. Սիրունյանը:
Հիշեցնենք, որ այս օրերին Ստամբուլի հայաշատ Քուրթուլուշ և Ֆերիքյոյ թաղամասերի բանուկ փողոցներում փակցվել են Աթեշյանի նկարով թռուցիկներ, որոնց վրա նա պատկերված է սև փակված աչքերով: Հայտնի է դարձել նաև, որ ոստիկանությունն արդեն ուսումնասիրություն է սկսել՝ պարզելու թռուցիկները փակցնողների ինքնությունը:
Նշենք նաև, որ Ստամբուլի նահանգապետարանը փետրվարի 5-ին, Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ հայկական կողմի ուղարկած դիմումին ի պատասխան, բավականին ուշացումով հայտնել էր, որ չի ճանաչում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի թեկնածությունը, որպես պատրիարքական տեղապահ: Նամակում նշված է եղել, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դեռևս ողջ է և հետևաբար չկան անհրաժեշտ նախապայմաններ պատրիարքի ընտրության համար:
Արմինե Գրիգորյան