Լարիսա Ալավերդյան. «ՀՀ նախագահը պետք է իր խոսքը և կարծիքը հստակ ներկայացնի հասարակությանը»
ПОЛИТИКАԵկավ նաև այն օրը, երբ տեղի ունեցավ ԱԺ-ի կողմից ՀՀ նախագահի պաշտոնում ընտրված Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Ու չնայած խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում ՀՀ նախագահի երդման տեքստը արմատապես տարբերվում էր կիսանախագահական կառավարման համակարգի պայմաններում ընտրված նախագահների երդմնակալության բովանդակությունից, սակայն պահը պատմական էր, որին չանդրադառնալ պարզապես հնարավոր չէր:
Եվ այսպես, նախ հիշենք, որ վերջին՝ 2013 թվականի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության ժամանակ նա խոստացավ անվերապահորեն կատարել ՀՀ Սահմանադրության պահանջները, հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի:
ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանն իր երդմնակալության տեքստում ասաց.
«Ստանձնելով հանրապետության նախագահի պաշտոնը, երդվում եմ, հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական և համազգային շահերով: Եվ իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում: Աստված ինձ օգնական»:
ՀՀ արդեն երդվյալ նախագահ Ա. Սարգսյանի արտասանած տեքստում, ինչպես ակնհայտ երևում է, առանձնապես «բարձր նոտաներ» չկան, կա միայն բարի կամք դրսևորելու մեծ ցանկություն և ազնիվ պաշտոնյա լինելու մասին խոստովանություն, համաձայն որի նա պարտավորվեց իր ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում:
Լարիսա Ալավերդյանը, ով ՀՀ նորանկախ Հայաստանի պատմության մեջ մնաց որպես ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, Past.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը չէր մասնակցում երդմնակալության արարողությանը, քանի որ իրեն չէին հրավիրել:
«Չեմ կարծում, որ ինձ պետք է հրավիրեին»,- համեստորեն ասաց Լ. Ալավերդյանը:
Նա նաև համաձայն չէ այն մտքերի հետ, որ խորհրդարանական կառավարման անցնելիս ՀՀ նախագահի լիազորությունները սահմանափակ են:
«Ես պետք է ուսումնասիրեմ, հստակեցնեմ, թե ո՞ր պարտականություններն են, որ ՀՀ նախագահի լիազորությունների շրջանակներում են: Եվ ի տարբերություն շատ շատերի, չեմ կարծում, որ դա զուտ ձևական պաշտոն է: Ես կարծում եմ, որ այն բավականին ներկայացուցչական և կարևորագույն գործառույթներ իրականացնելու լիազորություններ ունեցող պաշտոններից մեկն է, քանի որ համարվում է երկրի գլուխը: Կան կարևորագույն խնդիրներ, որոնք կապված են ինչպես արտաքին, այնպես էլ ոչ պակաս կարևորություն ունեցող ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերին: Եվ ես կարծում եմ, որ երկրի նախագահը պետք է ակտիվ դերակատարություն ունենա այս և ինչու ոչ այն հարցերի կարգավորման ժամանակ, որին սպասում է հասարակությունը: ՀՀ նախագահն իմ կարծիքով նաև պետք է անպայման իր խոսքը և կարծիքը հստակ ներկայացնի հասարակությանը»,- ասաց Լ. Ալավերդյանը:
Արմինե Գրիգորյան