Գագիկ Ծառուկյանն ու իր թիմակիցները միացել են համաժողովրդական շարժմանը
ՔԱՂԱՔԱԿԱՆԱյսօր առավոտյան ժամը 11.00-ից մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած համաժողովրդական շարժումը, որին Գագիկ Ծառուկյանի հորդորով միացել են ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորները: Past.am-ը կապ հաստատեց խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հետ, ով հայտնեց, որ հանրահավաքի մեկնարկման պահից խմբակցության պատգամավորների հետ գտնվում է ժողովրդի կողքին, այժմ նրանք գտնվում են Մելիք Ադամյան փողոցում եւ շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ:
Պատգամավորն իր խոսքում ընդգծեց. «Սա ժողովրդի հաղթանակն է ու արդարության ապստամբությունը»:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ ԲՀԿ քաղաքական խորհուրդը հանդես էր եկել հետեւյալ հայտարարությամբ. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հայտարարել էր, որ միանում է համաժողովրդական ընդվզման ալիքին և կանգնած է ժողովրդի կողքին, կոչ ենք անում մեր բոլոր կուսակիցներին հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում մոբիլիզացվել և դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին՝ զերծ մնալով ապօրինի գործողություններ կատարելուց: Մենք մշտապես եղել և լինելու ենք մեր ազգի և հայրենակիցների կողքին»: