Էստոնիան կալանավորել է ռուսական «Պետերբուրգ» լաստանավը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Էստոնիան կալանավորել է ռուսական «Պետերբուրգ» լաստանավը՝ անցյալ տարի Ռիգայում կայանման համար առաջացած պարտքերի պատճառով, հայտնել է կապիտան Նիկոլայ Շաշկովը: Այժմ նավը գտնվում է Տալինի Պալյասարե նավահանգստում, հայտնում է iz.ru-ն:
Նրա խոսքով, լաստանավը պատկանում է «Բլեքսիա Ֆերի եւ ներդրումներ» տրանսպորտային ընկերությանը, որը գրանցված է Ռուսաստանում: Գործատուն 12 անդամից բաղկացած անձնակազմին ավելի քան 2 մլն ռուբլի է պարտք, իսկ օտարեկրյա կողմին՝ առնվազն 350 հազար եվրո:
«Պետերբուրգի» կապիտանը նշել է, որ նրանց թույլատրվել է լքել նավահանգիստը, սակայն նավաստիների մոտ փող չի մնացել:
«Մենք տեղեկացանք, որ մեր լաստանավի վրա կալանք է դրվել դեռ ապրիլի 26-ին, այսինքն մեկ ու կես ամիս առաջ: Իմանալով այդ մասին՝ մենք կապ հաստատեցինք լաստանավի կապիտանի հետ, զրուցեցինք նրա հետ, պարզեցինք միջադեպի պատճառները, տեղեկացրեցինք այդ մասին Մոսկվային», - «ՌԻԱ Նովոստիին» ասել է դեսպան Ալեքսանդր Պետրովը: