Տասներկուսից յոթը վերընտրվել է. «Փաստ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կիրակի օրը հայաստանյան մի քանի համայնքներում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Տասներկու համայնքներից յոթում նախկին համայնքապետերը հաղթել են՝ վերընտրվել, իսկ հինգում՝ պարտվել: Կոտայքի մարզի Գետամեջ համայնքում բավական հետաքրքիր արդյունք է գրանցվել: Երկու թեկնածուների ստացած քվեների տարբերությունը ընդամենը երկու ձայն է եղել: Վերընտրվել է նախկին գյուղապետը՝ Ավետիս Մուրադյանը, ում օգտին քվեարկել է 197 մարդ: Մյուս թեկնածուին՝ Զորայր Կարապետյանին, սատարել է 195 համագյուղացի:
Լոռու մարզի Գեղասար համայնքում նախկին գյուղապետը՝ Ստասիկ Հովհաննիսյանը, պարտվել է ԲՀԿ-ի կողմից առաջադրված Վարազդատ Գրիգորյանին: Առաջինը ստացել է 90, իսկ երկրորդը՝ 206 քվե:
Արագածոտնի մարզի Անտառուտ համայնքում միայն մեկ թեկնածու կար: Համայնքում քվեարկությանը մասնակցել էր 97 ընտրող, որից միայն մեկն էր դեմ նախկին համայնքապետի վերընտրվելուն: Մեկ քվեաթերթիկ էլ ճանաչվել է անվավեր: Գեղարքունիքի մարզի Տորֆավան համայնքում նույնպես մեկ թեկնածու էր առաջադրված: Այս դեպքում ընտրությանը մասնակցած բոլոր 122 քաղաքացիներն իրենց վստահության քվեն տվել էին համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանին:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում