Դերենիկ Դումանյանի կարծիքով՝ շատ հարցեր դեռևս մնում են առկախված. «Փաստ»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀԿ ներկայացուցիչ Դերենիկ Դումանյանը, ով մոտ 1 տարի 10 ամիս զբաղեցրել է նաև ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը, վերջին մեկ ամսից ավելի ժամանակ թեև Հայաստանից բացակայել է և առանձնապես չի կարողացել երկրում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին մոտիկից տեղեկանալ, բայց մեկ հարցում հաստատակամ է: Նա չի պատրաստվում լքել ՀՀԿ–ն:
Քանի որ ՀՀԿ–ն այլևս ընդդիմադիր կուսակցություն է, այս իրողությունից ելնելով, որպես ընդդիմադիր, ինչպե՞ս է պատկերացնում իր հետագա քայլերը:
«Ճիշտն ասած՝ այդ թեմայով դեռ չեմ մտածել, բայց քանի որ ես Հանրապետական կուսակցության անդամ եմ, ես պետք է շարժվեմ այնպես, ինչպես իմ կուսակցությունը կշարժվի: Ինչ վերաբերում է կադրային կամ քաղաքական հարցերին, ես կարծում եմ, որ դեռ վաղ է որևէ եզրակացություն անելը, բայց քանի որ այսօր բոլորը ոգևորված են, բոլորը շատ ուրախ են, ես էլ նրանց հետ ուրախանում եմ, ցանկանում եմ բոլորիս հաջողություն և շատ եմ ուզում, որ ամեն ինչ շատ լավ լինի»,– ասաց նախկին նախարարը:
Խոսելով ՀՀԿ–ն լքողների մասին՝ նա նշեց, որ դրան պետք է ո՛չ լավ և ո՛չ էլ վատ վերաբերվել, քանի որ յուրաքանչյուր անհատ ինքն է ընտրում իր քաղաքական ճանապարհը: Դումանյանը կարծում է, որ որևէ մեկը նրանց չի ստիպել դառնալ հանրապետական:
«Ովքեր հիմա հրաժարվում են Հանրապետական կուսակցությունից, դա էլ նրանց մոտեցումն է: Այնպես որ, եկեք նրանց հանգիստ թողնենք: Ամեն մեկն իր ճանապարհն է ընտրում , նախկին նախարարի դիտարկմամբ դրանք թե՛ նախկինում, թե՛ հիմա բավականին շատ են: Եվ չնայած, որ ընդամենը մեկ ամիս է, ինչ ՀՀԿ–ն ընդդիմություն է, բայց նա առանձնապես չցանկացավ փակագծերը բացել:
«Քննադատելը թողնենք հետագայի համար»,– ասաց Դ. Դումանյանը:
Հարցին, որ եթե այսօր հնարավորություն ունենար ոլորտում փոփոխություն անելու, ապա ի՞նչն առաջինը կփոխեր, պատասխանեց.
«Իհարկե, առողջապահության ոլորտում շատ բան կա փոխելու, որ ես ինքս կցանկանայի, որ փոխվեր: Բայց դա ավելի խորը վերլուծության խնդիր է: Ես չեմ կարծում, որ հեռախոսային հարցազրույցի ընթացքում կարելի է բոլոր խնդիրներին անդրադառնալ, բայց ամենակարևորն այն է, որ սոցիալական ծանր վիճակում գտնվող բոլոր մարդիկ չվախենան առողջապահությանը դիմելուց: Իսկ դրա հիմքում շատ–շատ հարցեր կան, որոնք առայժմ մնում են առկախված»,– ասաց Դ. Դումանյանը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում