«Լավ ենք անում». «Փաստ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Բավական է որևէ լրատվամիջոց հրապարակում պատրաստի կամ սոցցանցերում որևէ օգտատեր գրառում կատարի այն մասին, որ նոր իշխանությունները այս կամ այն վրիպումն են թույլ տվել, այս կամ այն բարեկամին, հարազատին են պաշտոնի նշանակել, նույնիսկ օրենք են խախտել, իսկույն հանդիպում են բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր անպայման, կուրորեն պաշտպանելու մոլուցքով արձագանքում են, թե՝ «լավ են արել»: Այսինքն, եթե այս իշխանությունները հասարակության լայն շերտերի վստահությունն են վայելում, ուրեմն նրանց ամեն ինչ կարելի է: Իսկ եթե որևէ մեկը համարձակվի հակաճառել, թե նախկիններն էլ նույն բաներն էին անում ու արժանանում դաժան քննադատության, սատելիտների «մատյան գունդն» անմիջապես գրոհի է անցնում ոչ պակաս անհեթեթ ձևակերպմամբ՝ «մի համեմատեք»: Արձագանքենք մոդայի հանգվույն՝ իյա, իրո՞ք...
Նման դեպքերում ուզում ես հասկանալ՝ այս մարդիկ իսկապես վստա՞հ են իրենց ասածների մեջ, թե՞ էյֆորիկ տրամադրություններն առայժմ գերիշխող են: Ընդ որում, շատ ավելի դժվար է, եթե գործ ունես վերջին հանգամանքի հետ, որովհետև որոշակի համոզմունքներ կամ պատկերացումներ ունեցողին, եթե հատկապես որոշակի ադեկվատության նշույլներ ունի, կարող ես բացատրել մի շարք ճշմարտություններ: Օրինակ, որ ոչ մեկի արյունը կապույտ չէ, որ նույն իրենց պաշտպանած իշխանությունները միշտ հայտարարել են, որ բոլորը հավասար են և ոչ ոք ավելի հավասար չէ, քան մյուսները, որ սխալը սխալ է՝ անկախ նրանից, թե ում կողմից է դա արվում, քանզի այդ սխալները չբարձրաձայնելու և չշտկելու արդյունքում ուղղակի զբաղված կլինենք դրանց կուտակմամբ, ինչը անում էին նախորդները, և վերջապես՝ որ ջայլամային քաղաքականությամբ ոչ իշխանություններին օգուտ կլինի, ոչ էլ, առավել ևս, երկրին: Իսկ եթե դեռևս էյֆորիկ տրամադրություններն են գերիշխողը, ապա այստեղ ոչինչ չի օգնի, որովհետև իսպառ բացակայում է սառը դատողությունը, մտածելու տարրական ունակությունը:
Երբ երեխաները մի չարություն են անում, ու երբ նրանց հարցնում ես, թե ինչու են այդպես անում, հաճախ ուղղակի փաստարկ կամ պատճառաբանություն չեն ունենում: Արդյունքում կա՛մ գլուխները կախում են, կա՛մ, եթե առավել անդաստիարակ են, ուղղակի ասում են՝ լավ եմ արել: Բայց շոյում են միայն նրանց գլուխը, ովքեր ներողություն են խնդրում ու այլևս սխալները չեն կրկնում: Մյուսներին նվազագույնը անկյուն են կանգնեցնում...
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում