«Թալիբան» շարժումը հրաժարվել է երկարաձգել հրադադարի ռեժիմը Աֆղանստանի կառավարության հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Թալիբան» իսլամիստական արմատական շարժումը հրաժարվում է երկարաձգել Աֆղանստանի կառավարության հետ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունը հրադադարի ռեժիմի մասին:
«Մենք հրադադարի ռեժիմի երկարաձգում չենք ծրագրում: Այն այսօր կավարտվի», DW.com-ի փոխանցմամբ՝ հունիսի 17-ին հայտարարել է «Թալիբանի» ներկայացուցիչ Սաբիհուլլա Մուջահիդը: Նախօրեին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարել էր, որ Քաբուլը երկարաձգում է հրադադարի ռեժիմը, որն սկսվել էր հունիսի 7-ին, և պետք է շարունակվի մինչև Ուրազա-բայրամ ծոմապահության տոնի հինգերորդ օրը, այսինքն՝ մինչև հունիսի 20-ը:
«Թալիբանն», իր հերթին, գրոհայիններին կոչ է արել հրադադարի ռեժիմին հետևել տոնի առաջին երեք օրվա ընթացքում՝ հունիսի 15-17-ը:
Այդ ընթացքում Աֆղանստանում կրկին ահաբեկչություն է տեղի ունեցել. ինքնապայթման հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, 45-ից ավելին՝ վիրավորվել:
Պայթյունը որոտացել է Նանգարհար նահանգի ղեկավարի գրասենյակի մոտակայքում, որտեղ աֆղաններն ու թալիբները միասին տոնում էին Ուրազա-բայրամը: Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել էր «Իսլամական պետությունը»: