Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը երկու թուրք դիվանագետների կալանավորման համար կարգադրագիր է տվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը երկու թուրք դիվանագետների կալանավորման համար կարգադրագիր է տվել, որոնք լրտեսության եւ Թուրքիայում շվեյցարացի գործարարի առեւանգման մեջ են կասկածվում:
Գլխավոր դատախազությունը հաստատել է, որ նրանք Շվեյցարիա մուտք գործելու ժամանակ ձերբակալվելու են: Ենթադրյալ միջադեպի ժամանակ երկու տղամարդիկ աշխատել են Բեռնում Թուրքիայի դեսպանատանը: Նրանցից մեկը մամուլի ատաշե էր, մյուսը՝ դեսպանատան երկրորդ քարտուղարը: Երկու դիվանագետները այլեւս չեն ապրում Շվեյցարիայում:
Դիվանագետները մեղադրվում են մասնավորապես, նրանում, որ տեղեկատվություն են հավաքել մեկ այլ պետության համար եւ փորձել են թուրքական արմատներով շվեյցարացի գործարարին առեւանգել:
Ենթադրվում է, որ գործարարը քարոզիչ Ֆեթուլլա Գյուլենի շարժման կողմնակիցն էր:
Շվեյցարիայի պաշտոնյաները Թուրքիայի ներկայացուցիչներին հասկացրել են, որ Շվեյցարիայում թուրքական սփյուռքի դեմ ուղղված հետախուզական գործունեությունն անընդունելի է, գրում է Swiss News Agency-ն: