«Արարատի պատկերին մեռնեմ».ամերիկահայերը ուզում են գալ ու Հայաստանում ապրել. «Փաստ»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանում իշխանության փոփոխությունից հետո Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած հայերը մտածում են տուն վերադառնալու մասին:
Մեդիա կենտրոնում հունիսի 22–ին կայացած հարցազրույց–ասուլիսին այս մասին ասաց ԱՄՆ–ի Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանը:
Նա վերադառնալու ցանկություն ունեցողներին երկու խմբի բաժանեց` մարդիկ, ովքեր հոգեբանորեն շատ կապված են մնացել հայրենիքին, բայց ինչ–ինչ պատճառներով գաղթել են Ամերիկա, և մարդիկ, ովքեր անապահով են, օրինակ՝ Հարավային Կալիֆորնիայում ապրող հայերը, որտեղ կյանքը շատ է թանկացել: «Ամերիկայի հայերն ամեն օր հետևում են նորություններին` հասկանալու համար, թե ինչ է կատարվում հայրենիքում, ինչպես նաև ակնկալելով նոր բացահայտումներ»,–ասաց Սինանյանը:
Նրա խոսքով` մարդկանց մի խումբ կա, ովքեր արդեն վերադարձել են հայրենիք և որոշել են հաստատվել այստեղ: «Բիզնես միջավայրը ևս հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարելու պահանջարկով»,–ասաց բանախոսը:
Ինչ վերաբերում է զբոսաշրջիկներին, ովքեր Հայաստան են գալիս իրենց հանգիստն անցկացնելու նպատակով, Սինանյանը նշեց, որ նրանք մի շարք խնդիրների են բախվում այստեղ: «Նախ՝ Ամերիկայից Հայաստան հասնելը բավական թանկ հաճույք է, այստեղ չկան էլեկտրոնային պորտալներ հեռախոսների համար նախատեսված, որպեսզի, օրինակ, ԱՄՆ Վերմոնտ նահանգից Հայաստան եկող զբոսաշրջիկը կարողանա կողմնորոշվել տեղանքում, ինֆորմացիոն վակուում կա»,–նշեց նա:
Անդրադառնալով Հայաստանից ԱՄՆ տեղափոխվողներին՝ Գլենդելի քաղաքապետը հավելեց, որ շատ հաճախ մարդիկ բախվում են աշխատանք ունենալու խնդրի հետ: «Մարդու կրթությունն ու աշխատանքային փորձը շատ դեպքերում չեն հետաքրքրում տեղի գործատուներին, և մարդիկ ստիպված են լինում ամեն ինչ սկսել զրոյից»,–ընդգծեց բանախոսը:
2018թ. ապրիլի 4–ին Գլենդելի քաղաքային խորհուրդը Զարեհ Սինանյանին ընտրել է քաղաքապետի պաշտոնում։ Այդ պաշտոնը Զարեհ Սինանյանը զբաղեցնում է 2– րդ անգամ։ Առաջին անգամ նա Գլենդելի քաղաքային խորհրդի կողմից քաղաքապետ է ընտրվել 2013թ–ին:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում