Բրիտանիան Զինված ուժերի օրը կանցկացնի Սոլսբերիում Սկրիպալների թունավորման պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հաջորդ տարի Մեծ Բրիտանիայի զինված ուժերի օրը կանցկացվի Սոլսբերիում, որպեսզի այդպիսով պատվեն քաղաքը, որը ստիպված է եղել պայքարել Սերգեյ եւ Յուլիա Սկրիպալների նկատմամբ քիմիական հարձակման հետեւանքների դեմ։ Այս մասին հաղորդել է Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, փոխանցում է The Guardian-ը։
«Զինվորականների պատասխանը նյարդային թույնին պարգեւի է արժանի»,-ընդգծել է Մեյը։
«Հաջորդ տարի Մեծ Բրիտանիայի զինված ուժերի օրը անցկացնելով մենք կշեշտենք Սոլսբերիի հսկայական տոկունությունը եւ ոգին, եւ ցույց կտանք, որ այն բաց է բիզնեսի համար: Այս հրաշագեղ քաղաքը, որը հարուստ ռազմական պատմություն ունի, այցելության հիանալի վայր է»,-շեշտել է նա։
Հիշեցնենք, որ մարտին Սերգեյ եւ Յուլիա Սկրիպալները հայտնաբերվել էին Սոլսբերի քաղաքի նստարաններից մեկի վրա անգիտակից վիճակում։ Նրանց թունավորման մեջ Բրիտանիան մեղադրեց Ռուսաստանին եւ դիվանագիտական հարաբերությունները նվազագույն մակարդակի հասցրեց։ Կրեմլը ժխտում է իր կողմից ցանկացած ներգրավվվածություն։