Իսրայելը Հոլանի բարձունքներում զորախմբավորումն ուժեղացրել է Սիրիայի հարավում մարտերի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իսրայելը Հոլանի բարձունքներում զորախմբավորումն ուժեղացրել է՝ Սիրիային սահմանակից շրջան ուղարկելով հրետանային եւ զրահատանկային զորքերի ստորաբաժանումներ: Այս մասին նշված է կիրակի տարածված Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Իրադրության գնահատումից հետո Հյուսիսային շրջանի հրամանատարությունը որոշել է Հոլանի բարձունքներում 210-րդ դիվիզիան ուժեղացնել զրահատանկային եւ հրետանային ուժերով,- նշված է հաղորդագրության մեջ: - Ստորաբաժանումները տեղակայվել են այսօր առավոտյան՝ Իսրայելին սահմանակից Հոլանի բարձունքների սիրիական հատվածում իրադարձություններին բանակի պատրաստվածության բարձրացման շրջանակում»:
Մամուլի ծառայությունից նշել են, որ «Իսրայելի Պաշտպանության բանակը մեծ նշանակություն է տալիս 1974 թվականի սահմանազատման մասին իսրայելա-սիրիական համաձայնագրի դրույթների կատարմանը»:
Այս փաստաթղթով նախատեսվում է Հոլանի բարձունքներում ապառազմականացված գոտու ստեղծումը եւ այնտեղ ՄԱԿ խաղաղապահների տեղակայումը: