Ավստրիան գլխավորում է ԵՄ Խորհուրդը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կիրակի՝ հուլիսի 1-ին, Ավստրիան դարձավ Եվրամիության Խորհրդի նախագահը: Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը մտադիր է նախագահության հնարավորությունն օգտագործել «ԵՄ-ում կամուրջներ հաստատելու, Եվրոպայի ներսում լարվածությունը թուլացնելու եւ ԵՄ ամրությունն ապահովելու համար»,- փոխանցում է DW-ն:
Առաջիկա կես տարում առավել նշանակալի թեմաները կլինեն Եվրամիության միգրացիոն քաղաքականությունը, ԵՄ ապագա բյուջեն, «Բրեքսիթը» եւ բալկանյան հանրապետությունների հետ հարաբերությունները, նշում է AFP գործակալությունը:
Կուրցի կարծիքով՝ ԵՄ-ում ընդունված Եվրոպայի տարբեր երկրներում փախստականներին պարտադիր տեղաբաշխելու համակարգը չպետք է լինի միգրացիոն քաղաքականության կենտրոնում:
Կուրցը, մասնավորապես, կոչ է արել միգրացիայի կարգավորման հարցում «սերտ համագործակցել» Հյուսիսային Աֆրիկայի պետությունների հետ: Ավստրիայի նպատակն է համատեղ եվրոպական որոշման ընդունումը «արտաքին սահմանների պատշաճ պաշտպանությամբ», նշել է Կուրցը: