Թուրքիայում ընտրությունների ժամանակ կազմված ընդդիմադիր դաշինքն այլևս չի գործում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի ընդդիմության կազմած դաշինքը, որը միասնական կերպով հանդես էր եկել նախագահական ու խորհրդարանական ընտրություններում երկրի իշխանությունների դեմ, փաստացի այլևս չի գործում որպես մեկ դաշինք, այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Լավ» կուսակցության ներկայացուցչությունը։
Կուսակցությունից հայտնել են, որ դաշինքի անդամ ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո առանձին են գործում ու հանդես չեն գալիս որպես մեկ դաշինքի անդամներ, ըստ նրանց՝ ընտրությունների ավարտից հետո դրա կարիքն այլևս չկա։
Հիշեցնենք, որ թուրքական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական, «Լավ» և «Երջանկություն» կուսակցությունների կազմած միասնական դաշինքը հավաքել էր ընտրողների ձայների 34,04 տոկոսը, ընդդիմադիր դաշինքից դուրս մնացած քրդամետ ժողովրդադեմոկրատներն էլ խորհրդարան կմտնեն 11,69 տոկոսով։ Այսպիսով՝ երկրի ընդդիմությունը կկարողանա կազմել Մեջլիսի 45,73 տոկոսը՝ առաջ անցնելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից, որը ստացել է ընտրողների ձայների միայն 42,54 տոկոսը (295 պատգամավոր 600 հոգանոց խորհրդարանում)։