Մարտունի քաղաքը կունենա արդի չափորոշիչներին համապատասխան բժշկական կենտրոնի շենք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում մինչեւ 2018 թվականի ավարտը կամ 2019 թվականի սկիզբը կմենկնարկի բժշկական կենտրոնի նորակառույց շենքի շինարարությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, հուլիսի 7-ին աշխատանքային այցով մարզում գտնվող ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյսանի հետ քննարկվել է Մարտունու բժշկական կենտրոնի արդիականացման խնդիրը: Նախարար Արսեն Թորոսյանը եւ մարզպետ Իշխան Սաղաթելյանը այցելել են Մարտունու բժշկական կենտրոն եւ դիտարկել այն շինհրապարակը, որտեղ առաջիկայում վեր կբարձրանա բժշկական կենտրոնի շենքը: «Մարտունու ԲԿ շենքային պայմանները բարվոք չեն: Խնդիրը նախորդ իշխանությունների ժամանակ օրակարգային հարց է եղել տարիներ շարունակ, սակայն իրավիճակը մնացել է անփոփոխ: Հիմա եկել է հարցին վերջնական լուծում տալու ժամանակը: Հիմքից կկառուցվի նոր շենք, որի շինարարությունը կմեկնարկի առաջիկա ամիսների ընթացքում, իսկ երկու-երեք տարիների ընթացքում մենք Մարտունիում կունենանք արդի չափորոշիչներին համապատասխան բժշկական կենտրոն»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը: