Ողջի գետ են լցվում թափոնաջրեր. տեսչությունը տեղյակ է, ստուգումներ են իրականացվում. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրեր առաջ Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնությունը Կապան քաղաքի տարածքում նկատել ու ահազանգել է, որ Արծվանիկի պոչամբարի թափոնաջրերը, խառնվելով Աճանան գետին, հոսում–լցվում են Ողջի գետը: Գետի վերին ավազանում գտնվում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը, որը շահագործվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ի կողմից:
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչության ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը «Փաստ»–ին տեղեկացրեց, որ ահազանգի հիմքով հարուցվել է վարչական վարույթ: Երկու օր առաջ Սյունիքի մարզային բաժնի աշխատակիցները զննություններ են իրականացրել, լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար նմուշառում կատարել: Ըստ այդ արդյունքների էլ պարզ կլինեն հետագա գործառույթները և աշխատանքների ընթացքը: Պեպանյանը նաև տեղեկացրեց, որ զրույցի պահին Բնապահպանության և ընդերքի տեսչությունը ստուգում է իրականացնում «Լիդիան Արմենիա» ընկերությունում Ամուլսարի հետ կապված, որի ավարտից հետո հաջորդը լինելու է Քաջարանը: Նշեց, որ ստուգումները երկար ժամանակ չեն պահանջի, և Քաջարանում սպասվող ստուգումները կիրականացվեն շուտով և համապատասխան ընթացակարգով:
ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ի տվյալներով` 2018 թ. մարտին Ողջի գետի ջրի որակը Քաջարանից և Կապանից ներքև գնահատվել էր 5–րդ դասի, այսինքն՝ ամենավատ որակի ջուր՝ մոլիբդենի, պղնձի, մանգանի, կոբալտի բարձր պարունակություններով: Այն, որ գետի ջուրը աղտոտված է, նորություն չէ: Դիտարկմանը, թե այս դեպքում ինչ– որ տարբերակ չկա՞ մինչ փորձաքննության ավարտը խոչընդոտել թափոնաջրերի՝ Ողջի գետ թափանցումը, Պեպանյանը նկատեց, որ պետք է պարզել, թե ինչ ջրեր են թափվում գետ: Մինչդեռ, ըստ նրա, մոնիթորինգի արդյունքները վերաբերում են գետի ջրին, ոչ թե՝ այնտեղ թափվող թափոնաջրերին:
«Ընկերության նկատմամբ ինչ–որ բան կիրառելու համար հիմքեր են պետք, որը պետք է լինի տվյալ ահազանգի հիմքով ուսումնասիրությունների, վարչական վարույթի շրջանակներում կատարված աշխատանքների արդյունքում: Կամ պետք է ստուգում բացվի, որն ավելի լայնածավալ կուսումնասիրի ընկերության՝ բնապահպանական ոլորտում ամբողջ գործունեությունը և կփորձի բացահայտել իրավախախտումները, եթե այդպիսիք, իհարկե, կան»,– նշեց նա:
Մամլո քարտուղարի խոսքով, մինչ այս այդ տարածքում ստուգումներ չեն իրականացվել: Դեռ ավելին՝ 2015 թ. ստուգումները կասեցվել էին վարչապետի որոշմամբ և 2018 թ.–ից կրկին վերսկսվել: Ներկայումս վարչապետի հանձնարարականով մետաղական հանքերում պետք է ստուգումներ իրականացվեն և այդ շրջանակներում Քաջարանը երկրորդն է լինելու Ամուլսարից հետո:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում