Տորֆավան գյուղի տարածքի տորֆանոցում բռնկված հրդեհի մեկուսացման աշխատանքները շարունակվում են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղի «Փոշանոց» կոչվող տարածքում, որը հարուստ է տորֆի պաշարներով, արդեն մի քանի օր է, ինչ հրշեջները եւ գյուղի բնակիչները պայքարում են՝ բռնկված հրդեհը մեկուսացնելու եւ մարելու համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը, հրդեհի գոտին տարածվում է մոտ 7 հեկտար տարածքի տորֆի շերտում, որի հիմնական մասը նախորդ օրերին մեկուսացվել եւ մարվել է, սակայն մոտ կես հեկտարի վրա դեռեւս հրդեհի օջախը գործում է:
«Տեղում այժմ գործում է մեկ մարտական հաշվարկ եւ էքսկավատոր: Խրամատ փորելու եւ ոռոգման ջրով տարածքը ջրելու միջոցով փորձ է արվում մեկուսացնել եւ մարել հրդեհի ակտիվ օջախը, այլապես հրդեհը կարող է տարածվել շրջակա ցանքերով ու խոտհարքներով մեկ եւ լուրջ վնասներ պատճառել տնտեսություններին, հասնել մինչեւ տորֆի հանքեր»,-ներկայացրեց Գարիկ Հակոբյանը: