Բազմաթիվ մտահոգող փաստեր են արձանագրվել պետական վերահսկողության ծառայության ուսումնասիրությունների արդյունքում. Սփյուռքի նախարար
ՔԱՂԱՔԱԿԱՆՍփյուռքի նախարարությունն այլևս ստուգումներ չի իրականացնում, և անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը տրամադրում ենք պետական վերահսկողության ծառայության աշխատակիցներին, որոնք էլ փաթեթ են պատրաստում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը`անդրադառնալով նախարարությունում նախկինում իրականացված չարաշահումների ուսումնասիրության իրականացմանը:
Մխիթար Հայրապետյանն ասաց, որ որքանով տեղյակ է, բազմաթիվ մտահոգող փաստեր են արձանագրվել պետական վերահսկողության ծառայության ուսումնասիրությունների արդյունքում: «Դավիթ Սանասարյանի հետ իմ ունեցած զրույցից տպավորությունս այնպիսին է, որ իսկապես ծանրակշիռ փաստեր կան կարծելու, որ չարաշահումներ եղել են»,-ասաց նա:
Սփյուռքի նախարարն ասաց նաև, որ իրենք անմիջապես բոլորր տենդերները կասեցրել են, նոր մրցույթներ են հայտարարել:
«Այսինքն՝ այս իմաստով կանխեցինք ոչ այնքան բացահայտ և հաշվետու, թափանցիկ ճանապարհով անցկացված մրցույթները շահած կազմակերպությունների հետ մեր համագործակցությունը: Բայց մեր խնդիրը ոչ միայն այն է, որ մենք տվյալ պահից սկսած կոռուպցիայի դեմն առնենք, այլ մենք խնդիր ունենք՝ գողացված գումարները պետական բյուջե հետ վերադարձնելու: Սա ոչ միայն սփյուռքի նախարարության, այլ նաև կառավարության որդեգրած քաղաքականությունն է»,-ասաց նա:
Սփյուռքի նախարարը չցանկացավ մեկնաբանել նախարարության աշխատակազմի նախկին ղեկավարի այն հայտարարությունը, որ նախարարի հրապարակած «Արի տուն» ծրագրի համար ծախսված գումարների մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Այն թվերը, որ հրապարակվել է, ինձ Հայրենիք-Սփյուռք ՊՈԱԿ-ի կողմից են տրամադրվել»,-ասաց Մխիթար Հայրապետյանը: