Անվանի հայազգի ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանին նվիրված մարվեց 500 հատուկ ծրար
ОБЩЕСТВОԱնվանի հայազգի ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին նվիրված ծրարները հայաստանցիների՝ նրա հանդեպ ունեցած հարգանքի նվազագույն արտահայտությունն են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծրարների մարման արարողությունը կայացավ հուլիսի 13-ին «ՀայՓոստ»-ում՝ Հովհաննիսյանի անմիջական մասնակցությամբ:
Ծրարի վրա պատկերված է Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրող նոր՝ 118-րդ քիմիական տարրը, որը 2006-ին հայտնաբերել է Յուրի Հովհաննիսյանը: 2016-ին այն անվանվել է oganesson (Og)՝ հայ մեծ գիտնականի պատվին: Հատուկ ծրարի վրա փակցված է 2017թ-ին «ՀայՓոստ»-ի կողմից շրջանառության մեջ դրված՝ Յուրի Հովհաննիսյան թեմային նվիրված նամականիշը:
«Սա ինձ համար իսկապես մեծ պատիվ է: Այդ նկարը կարելի է գտնել ոչ միայն փոստում, այլ նաև թերթերում, ակադեմիայում, երկրից դուրս՝ Ամերիկայում, Ֆրանսիայում: Դա տարածվել է»-ասաց Յուրի Հովհաննիսյանը:
Ծրարի մարման արարողությունը կատարեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը և անվանի ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի կարծիքով՝ ցանկացած ազգի համար մեծ պատիվ է հնարավորություն ունենալ պարծենալու այնպիսի մի անհատականությամբ, ինչպիսին Յուրի Հովհաննիսյանն է: «Այսօրվա նամականիշի մարումը նրա հանդեպ ունեցած մեր հարգանքի նվազագույն արտահայտությունն է: Դրանով փորձում ենք մեծարել մարդու, ով մեծ հայտնագործություն է կատարել»,-ասաց նախարարը:
Ծրարը յուրահատուկ ֆիլատելիստական արտադրանք՝ թեմատիկ ծրար է, որը մարվում է հատուկ դրոշմակնիքով: Հատուկ ծրարը պատրաստվել է 500 հատ տպաքանակով: Ծրարի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը:
Հովհաննիսյանը նոր տարրերի (104-108 ատոմային կարգահամարով) արհեստական սինթեզի բնագավառում կատարված 11 հայտնագործությունների համահեղինակ է։ Նրա պատվին է անվանվել Մենդելեևի պարբերական համակարգի 118-րդ տարրը՝ oganesson (Og): Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով անվանի ֆիզիկոսին տրվել է ՀՀ քաղաքացիություն: