Վարչապետը հանդիպել է Ռոբերտ Աբաջյանի հորը, նրանք չեն արտագաղթել արտերկիր՝ աշխատելու այնտեղ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծնողները չեն մեկնել արտագնա աշխատանքի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով օգտատերերից մեկի հրապարակած տեղեկությանը, թե հերոսի ծնողները ծանր սոցիալական պայմանների պատճառով մեկնել են ՌԴ աշխատելու:
Վարչապետը հավելեց, որ հունիսի 30-ին կառավարական առանձնատանն ընդունել է հերոսի հորը, զրուցել Ռոբերտի մասին: «Ես նրան խնդրել եմ պատմել Ռոբերտի մասին, շատ հուզիչ հանդիպում ենք ունեցել, դա անձնական հանդիպում է եղել, այդ պատճառով տեղեկատվություն չի եղել: Բացի այդ Ռոբերտի հայրն էլ, ես որքան հասկացա, չէր ցանկանում, որ այդ պահին տեղեկատվություն տրվի այս մասին:
Ռոբերտի կերպարը առաջին իսկ օրվանից ինձ հուզել է, նա ինձ համար մեր նոր սերնդի ամենաուժեղ կերպարներից մեկն է»,-ասաց վարչապետը:
Հայրն էլ ասել է, որ մտածում են Հայաստան տեղափոխվելու մասին: Բայց պարզ է, որ նրանք երկար ժամանակ ապրել են ՌԴ-ում»,-նշեց վարչապետն ու հավելեց, որ Ռոբերտի և մյուս հերոս տղաների կերպարն է ունեցել իր աչքի առաջ հեղափոխության ընթացքում, և ինքը պարտավորված է զգում նրանց առաջ:
Զինվորական հաշմանդամությունից զրկված քաղաքացիների հետ կապված՝ վարչապետն ասաց, որ գործընթաց է սկսվել, և զինվորական հաշմանդամությունից վերջերս զրկված բոլոր քաղաքացիները փորձաքննության արդյունքում կվերականգնեն այդ կարգավիճակը:
Ինչ վերաբերում է մեկ այլ օգտատիրոջ դժգոհությանը, թե ինքը Ապրիլյան պատերազմի մասնակից է եղել, սակայն իր զինվորական գրքույկում այդ մասին տեղեկություն չկա, վարչապետն ասաց, որ նրանք, ովքեր մարտական գործողությունների մասնակցել են, համապատասխան արտոնություն պետք է ստանան: