Հարցերին պատասխանելուց անցնել հարցերը լուծելուն. «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Տարատեսակ ազատությունները` առավել ևս մամուլի, խոսքի ու տեղեկատվության, ինչքան էլ մենք դնենք առաջնային դիրքերում, դրվատենք ու պաշտպանենք, սակայն միևնույն է, փորձը ցույց է տալիս, որ այդ ազատությունները զարդարում են միայն զարգացած ու կայացած հասարակություններին, հակառակ դեպքում դառնում են շռայլություն: Այն, ինչ կատարվում է հայաստանյան մեդիա հարթակներում և սոցիալական ցանցերում, խոսում է հենց վերջինիս մասին:
Ամբողջ ֆեյսբուքն ու լրատվական դաշտը արդեն օրեր շարունակ քննարկում է անէական մի արտահայտություն, ավելին` քննարկումները վերածվում են բանավոր ճակատամարտերի ու վհուկների որսի և տպավորություն է ստեղծվում, թե մենք գործ ունենք հասարակական գործընթացի հետ: Ցավոք, շատ վտանգավոր տպավորություն, որովհետև հասարակության գերակշիռ հատվածն անհաղորդ է ֆեյսբուքյան ինտրիգներին:
Հասարակության գերակշիռ հատվածը բոլորովին այլ խնդիրներ ունի, հասարակ կենցաղային խնդիրներ: Մենք կարող ենք խոսել գաղափարների, հեղափոխության, հեղափոխության հաղթանակի ու հանրային ոգևորության մասին, սակայն չպետք է մոռանանք, որ Հայաստանում կատարված գործընթացներում լայն չափաբաժին ուներ ամենասովորական սոցիալական բաղադրիչը:
Մարդիկ դժվարանում են ապրել, ապրել բառիս ամենապարզ իմաստով` աշխատանք գտնել, վաստակել: Այսօր կա փոփոխությունների քամի, կա ոգևորություն, բայց արդյո՞ք միայն դա բավարար է:
Ի վերջո, շատ կարճ ժամանակ անց բոլորս վերադառնալու ենք մեր հոգսերին, այն հոգսերին, որոնք լուծում չեն ստանում ո'չ վարչապետի խոսքից, ո'չ էլ բարդանում են որևէ մեկի անհաջող արտահայտություններից:
Ի դեպ, օրերս ֆեյսբուքյան օգտատերերից մեկի մոտ մի գրառում կար, հեղինակը նշում էր, որ գուցե ժամանակն է քաղաքացիների ֆեյսբուքյան հարցերին պատասխանելու պրակտիկան փոխարինել հարցերը լուծելու պրակտիկայով: Այս գրառումը բովանդակության մեջ հուշում է, թե ինչ ուղղությամբ են զարգանալու հասարակական տրամադրությունները:Կանցնի հեղափոխական էյֆորիան և քաղաքացիներն արդեն կպահանջեն իրենց կյանքի որակի լավացում: Իսկ դա, բնական է, չի կարող լինել միանգամից և կտրուկ, սակայն քաղաքացիները սա նույնպես հասկանում են, բայց և ուզում են տեսնել քայլեր: Այդ քայլերը, խոստովանենք, դեռևս հստակ չեն, որովհետև քաղաքացու կյանքի որակի բարելավում նշանակում է առողջ տնտեսություն, առողջ քաղաքական մթնոլորտ և առողջ մշակութային միջավայր: Միայն տարբեր, թեկուզ շատ կարևոր ու անհրաժեշտ բացահայտումներով, հեղափոխության ցուցասրահ բացելով ու ֆեյսբուքյան լայվերով վերոնշյալ պայմանները չեն կարող ապահովել: Իսկ ժամանակը սպառվում է, անգամ կառավարության 100 օրն է սպառվում:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում