Ալիևի հետ հանդիպմանը Մակրոնը խոստացել է ամեն ինչ անել ԼՂ հիմնախնդրի՝ բանակցային եղանակով կարգավորման համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը:
Ինչպես հայտնում է EurAsia Daily-ն՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հաղորդագրությունը, Ֆրանսիան կշարունակի աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ ի նպաստ տարածաշրջանի ժողովուրդների շահերի:
«Նախագահները մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության հարցի շուրջ: Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հատուկ պատասխանատվություն է կրում տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովման համար», - նշվում է ֆրանսիական վարչակազմի հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է, Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ կշարունակի աշխատել բանակցությունների հիման վրա լուծում գտնելու ուղղությամբ, որը միակ տարբերակն է հակամարտությանը երկարաժամկետ հիմունքներով լուծում տալու համար՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների:
«Ֆրանսիայի նախագահն ուշադրությամբ հետևելու է իրավիճակին, և Ֆրանսիան ռուս և ամերիկացի համանախագահների հետ միասին կձեռնարկի բոլոր միջոցները կարգավորման գործընթացքում առաջընթացի հասնելու համար», - ասվում է Ելիսեյան պալատի կոմյունիկեում: