Հայաստանի և Իտալիայի նախագահները քննարկել են ԼՂ հիմնահարցը, Եվրամիության հետ համագործակցությունն ու մի շարք այլ հարցեր
ПОЛИТИКАԵրևանում գտնվող Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում:
Այս մասին լրագրողներին ասաց Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ քննարկել են հայ-իտալական համագործակցության լայն օրակարգը:
«Վերահաստատեցինք միջպետական հարաբերություններն ամրապնդելու մեր հանձնառությունը, համաձայնեցինք, որ պետք է լրացուցիչ ջանքեր ներդնել հայ-իտալական գործակցությանը նոր ու դինամիկ զարկ տալու համար»,- ասաց նա:
Արմեն Սարգսյանի խոսքով՝ Իտալիան, ընթացիկ տարում լինելով ԵԱՀԿ նախագահող երկիր, կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման միակ ու միջազգային ձևաչափին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը:
Նախագահն ասաց, որ խոսել են նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության մասին:
«Հույս հայտնեցի, որ Իտալիան նույնպես շուտով կվավերացնի Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը»,- նշեց Ա. Սարգսյանը:
Ըստ նրա՝ կարևորվել է երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտի լիարժեք օգտագործումը, որն ընդգրկում է երեք տասնյակից ավելի իրավական հաստատում:
«Արձանագրեցինք տնտեսական, գործարար, մշակութային կապերի ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը, մարդկային շփումների կարևորությունը: Կարևորելով մշակութային ժառանգության պահպանության հարցը՝ մեր համագործակցությունն է՛լ ավելի մեծ թափ կստանա Երևանում հայ-իտալական մշակութային ժառանգության պահպանման կենտրոնի բացումով, որը տեղի կունենա վաղը: Վստահ եմ, որ պարոն նախագահի պետական այցը ամուր հիմքեր կստեղծի բազմաոլորտ համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար»,- շեշտեց Արմեն Սարգսյանը: