Պետք չէ մեր հասարակության մեջ լրացուցիչ վախեր և անհանգստություններ առաջացնել Իրանում տեղի ունեցող իրադարձությունները քննարկելիս․ Վարդան Ոսկանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԻրանում դժգոհություններ մշտապես եղել են և կան․ ինչպես ցանկացած քաղաքակիրթ երկրում, այնպես էլ այստեղ տարբեր սոցիալական և հասարակական խմբեր գրեթե մշտապես իրենց բողոքն արտահայտում են, որևէ արտառոց երևույթ չկա:
Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ խոսելով այս օրերին Իրանի մի շարք քաղաքներում տեղի ունեցող ցույցերի մասին:
«Խնդիրն այն է, որ երբ սրվում են Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերությունները, Իրանում տեղի ունեցող ցույցերի մասին որոշ լրատվամիջոցներ ուռճացված կերպով տեղեկատվություն են տարածում՝ փորձելով տպավորություն ստեղծել, որ Իրանի ներսում իբր աննախադեպ զանգվածային բողոքի գործընթաց է սկսվել»,- ասաց նա:
Նշենք, որ Իրանի մի շարք խոշորագույն քաղաքներում այս օրերին բողոքի ակցիաներ են կազմակերպվում՝ ազգային արժույթի կտրուկ անկման ու տնտեսական իրավիճակի վատթարացման դեմ:
Վարդան Ոսկանյանը նշեց, որ հիմա իսկապես Իրանում որոշակի տնտեսական խնդիրներ կան, նա էլ նկատեց՝ հիմնական խոշոր խնդիրն ազգային արժույթի արժեզրկումն է՝ համեմատած ամերիկյան դոլարի հետ:
«Դա, իհարկե, որոշակի անհանգստություն բերում է իր հետ, բայց եթե հաշվի առնենք, որ իրանական տնտեսությունն ինքնաբավ է, և շատ դեպքերում դոլարի տատանումն զգալիորեն չի ազդում այն մարդկանց առօրյա կյանքի վրա, որոնք աշխատավարձ են ստանում հենց իրանական դրամով, ապա պետք է արձանագրել՝ ազգային փոխարժեքի արժեզրկման ազդեցությունն էլ իրականում այն աստիճանի չէ, ինչ աստիճանի փորձ է արվում ներկայացնել»,- ասաց նա:
Ըստ լրատվամիջոցների՝ խնդիրը մտահոգել է նաև Իրանի խորհրդարանին: Պատգամավորները մեկ ամիս ժամանակ են տվել նախագահ Հասան Ռոհանիին՝ տնտեսական ցածր աճի, ազգային արժույթի կտրուկ անկման, գործազրկության մասին իրենց հարցերին պատասխանելու համար: Սրա հետ կապված Վարդան Ոսկանյանը նշեց՝ Իրանում պատգամավորները միշտ են խորհրդարանում տարբեր հարցեր բարձրացնում:
«Եթե հետևենք Իրանում ստեղծված վիճակը բացասական կերպով ուռճացված ներկայացնող լրատվամիջոցներին՝ կտեսնենք նաև հակասություններ: Մի կողմից ցույց է տրվում, որ Իրանը խիստ բռնատիրական, անհանդուրժողական, տոտալիտար երկիր է, մյուս կողմից՝ տեղեկատվություն է հաղորդվում, որ Իրանում պարբերաբար տեղի են ունենում ցույցեր, և խորհրդարանում կառավարության դեմ բարձրացվում են տարբեր խնդիրներ: Ստանում ենք հակասություն․ իրապես տոտալիտար երկրներում ցույցեր տեղի չեն ունենում, տոտալիտար երկրներում խորհրդարանում կառավարությանը չեն մեղադրում և խստորեն չեն քննադատում»,- ասաց նա:
Մի շարք լրատվամիջոցների կողմից Իրանում տեղի ունեցածը ուռճացված ներկայացնելը, ըստ իրանագետի, ունի հետևյալ նպատակը՝ լրատվական ազդեցությամբ պարբերաբար «ձնագնդիի էֆեկտով» մեծացնել այդ բողոքի գործողությունների շրջանակը, և երբ դրանք կունենան կրիտիկական զանգված, դրանց հաղորդել նաև քաղաքական ենթատեքստ ու պահանջներ: «Միացյալ Նահանգները նպատակ ունի հասնել արդեն գրեթե քառասուն տարի փայփայող իր նպատակին՝ Իրանում փոխել գործող վարչակարգը»,- նկատեց նա:
Իրանագետը նաև նշեց, որ պետք է նկատի առնել, որ այս օրերին եղած բողոքներն անպայման չէ, որ լինեն ողջ իշխանության դեմ: Ոսկանյանը պարզաբանեց. «Իրանական պետության կառուցվածքը ենթադրում է իշխանության մի քանի մակարդակների առկայություն: Երբ ասում ենք, որ քննադատում են Իրանի կառավարությանը, դեռ չի նշանակում, որ քննադատում են ամբողջ իշխանական համակարգը: Իրանի կառավարությունը ձևավորվում է կոնկրետ ծրագրեր լուծելու համար, այն ավելի շատ տնտեսական և պակաս քաղաքական մարմին է, չնայած մի քանի առաջնային քաղաքական խնդիրներ էլ նրա վերահսկողության տակ են:
Բնականաբար, որոշ դեպքերում ցույցերը կարող են տեղի ունենալ ոչ թե մեզ համար դասական «ընդդիմություն-իշխանություն» կամ «դժգոհ զանգված-իշխանություն» հարացույցով, այլ հենց իշխանության տարբեր մակարդակներում առկա հակասությունների պատճառով»:
Հարցին, թե ինչ կանխատեսումներ ունի՝ արդյոք հնարավո՞ր է, որ Իրանում իսկապես բողոքը իշխանության փոփոխության բերի, Վարդան Ոսկանյանը պատասխանեց՝ այդպես չի կարծում:
«Իրանի հետ կապված իրավիճակի որոշ մեկնաբանություններ մոտավորապես նման են մեր լրատվադաշտում պարբերաբար հայտնվող այն անհանգստություններին, թե իբր վաղն Ադրբեջանի հետ պատերազմ կսկսվի: Մենք տեսել ենք «վախճանաբանական կանխատեսումներ», որ վաղն Իրանում տեղի կունենա գործող վարչակարգի տապալում, Իրանից փախստականները մեծ հոսքերով կլցվեն Հայաստան, և այլն, և այլն: Անշուշտ, բոլոր՝ և՛ դրական, և՛ բացասական սցենարները պետք է քննարկենք, բայց մեր հասարակության մեջ լրացուցիչ վախեր և անհանգստություններ առաջացնել պետք չէ: Չեմ կարծում, որ իրանական պետությունն այս պահին գտնվում է ինչ-որ խոշոր կաթվածահարության եզրին։ Եթե այդպես լիներ, ապա ավելի լավ տեղեկացված ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակարգն Իրանի հետ բանակցությունների գնալու պատրաստակամություն չէր հայտնի»: