Մանվել Գրիգորյանի վիճակը ծայրահեղ ծանր է, այդ հարցով վարույթն իրականացնող մարմինը փորձաքննություն է նշանակել. փաստաբան
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հիվանդություններն անհամատեղելի են կալանքի պայմանների հետ, այդ հարցով վարույթն իրականացնող մարմինը փորձաքննություն է նշանակել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը: «Վարույթ իրականացնող մարմինը փորձաքննություն է նշանակել հիվանդությունների վերաբերյալ, մոտ օրերս կլինեն փորձաքննության արդյունքները, և, ըստ այդմ, մի շարք միջնորդություններ կներկայացնենք՝ խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու վերաբերյալ: Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է»,- ասաց Մկրտչյանը:
Պաշտպանն ասաց, որ քրեակատարողական հիմնարկի բժշկական սակավ հնարավորությունները բավարար չեն անգամ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կայունացնելու:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում ԱԱԾ բացահայտումներից հետո դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: