Պորոշենկոն իր դիրքում մնալու համար համաձայնության կգնա անգամ սատանայի ու Պուտինի հետ․ Սաակաշվիլի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պատրաստ է ամեն ինչի 2019 թվականի նախագահական ընտրություններում հաղթելու համար, նույնիսկ՝ երկրի արևելքում ռազմական բախումների դիտավորյալ սաստկացման ու հողային զիջումների։
Странa.ua-ին տված հարցազրույցում Սաակաշվիլին նաև հայտնել է իր կանխատեսումն ու պնդել, որ Պորոշենկոն նոր ընտրություններում չի հաղթի։
Նա չի բացառել, որ Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյի այն տեսակետը, թե Պորոշենկոն ընտրություններին ընդառաջ կարող է արհեստականորեն լարել իրավիճակը Ուկրաինայի արևելքում, ճիշտ է։
«Ես հավատում եմ, որ Պորոշենկոն ընդունակ է ամեն ինչի, և հնարավոր է, որ Յուլիան ավելի լավ է տեղեկացված։ Եվ այն, որ Պորոշենկոն իր դիրքում մնալու համար համաձայնության կգնա սատանայի ու Պուտինի հետ, միանշանակ է»,- ասել է Սաակաշվիլին։
Ըստ Վրաստանի նախկին նախագահի՝ նա ճանաչում է Պորոշենկոյին դեռ ուսանողական տարիներից, և դեռ այն ժամանակ է նկատել, որ վերջինիս հուզում է միայն փողը։
«Նա մարդ է, ով եկել է քաղաքականություն փող դիզելու համար։ Նրա ամբողջ քաղաքականությունը առևտուրն է․ մարդկանց, քրեական գործերի, երկրի ազգային շահերի առևտուր», - ասել է Սաակաշվիլին՝ պնդելով նաև, որ Պորոշենկոն չի վարանի նաև աչք փակել հանցանքի վրա ու կորցնել Ուկրաինայի որոշակի տարածքներ՝ հանուն անձնական շահի։
«Եթե նրան պետք լինի կորցնել երկրի տարածքի մի մասը հանուն ընտրություններում հաղթանակի՝ նա կանի դա։ Նա աչք կփակի հանցագործությունների վրա։ Իսկ եթե պետք լինի անձամբ հանցանք գործել՝ նա կանի դա։ Պորոշենկոն վախկոտ չէ։ Նա իր նողկալիության մեջ մնում է համարձակ», - նշել է Վրաստանի նախկին նախագահը։