Հրազդանի կիրճում կատարված կողոպուտը բացահայտվել է, կասկածյալը բերման է ենթարկվել (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 12-ի գիշերը, երեքին մոտ, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Հրազդանի կիրճում գտնվող հյուրանոցի մոտ մեկն իրեն հարվածել և գողացել է պայուսակը:
24-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց՝ «ուղեղի ցնցում՝ հարցականով և դեմքի քերծվածքներ» ախտորոշմամբ: Ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցներին նա մանրամասնել է դեպքը. գիշերվա մեկի մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է պայուսակը, որի մեջ կային քարտեր և գումար: Ինքը հետապնդել է կողոպտիչին, սակայն նա ձեռքերով հարվածներ է հասցրել քաղաքացուն ու դիմել փախուստի:
Իրավապահների աշխատանքը արդյունք տվել է դեպքից չորս օր անց: Իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ Կենտրոնականի քրեական հետախույզները Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Այնթապ գյուղի բնակիչ, 28-ամյա Միքայել Մաթևոսյանին:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: