Մշակույթի ընկալման մշակույթը. «Փաստ»
АНАЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Ընդհանուր առմամբ՝ գիտության մեջ մշակույթ երևույթի վերաբերյալ առկա է ավելի քան 2000 ձևակերպում: Սակայն այս բոլոր բացատրությունների բովանդակային առանցքում ընկած է մեկ հակիրճ միտք՝ մշակույթը նյութական և ոչ նյութական ամեն ինչի ամբողջությունն է, որն ստեղծում է մարդը: Բովանդակային այս առանցքը համապարփակ է, որը, սակայն, հաճախ այլափոխվում է:
Ըստ էության՝ այսօր մեր հանրությունը և անգամ մտավորականներն ու, ասենք, տարբեր տարիների մշակույթի չինովնիկները, մշակույթը պատկերացրել են միայն արվեստի չափումների մեջ՝ կերպարվեստ, գրականություն, թատրոն, կինո և այլն, մինչդեռ այս ամենից զատ մշակույթ է այն ամենը, ինչը մենք տեսնում և անում ենք մեր առօրյայում:
Եթե ավելի պարզ ասենք, մշակույթ է մեր կեցվածքը հանրային վայրերում և տանը, մշակույթ է մեր բառապաշարը, մեր փողոց անցնելը, աղբ թափելը կամ չթափելը, մեքենա վարելը, ծխելը, հայհոյելը, լռելը, մի խոսքով՝ այն ամենը, ինչը ծնվում, արվում և ստեղծվում է մեր առօրյա կյանքում: Մշակույթ է մեր հասարակության զբաղմունքը, առևտուրը, անասնապահությունը, այգեգործությունը, սրճարանային զրույցը և այսպես անվերջ: Ցավոք, մեր գիտակցության մեջ մշակույթ բառն ինքնին ընկալվում է որպես ինչ– որ սակրալ մի երևույթ, որը գերմարդկային է, ուղղված է գեղեցիկին, վեհին ու աստվածայինին: Արդյունքում, այն ամենը, ինչը ստեղծում է իրական մշակույթը, զատվում է մշակույթի մասին մեր պատկերացումներից և հենց այստեղից առաջ է գալիս հակասությունը:
Հենց այստեղից է սկսվում մտայնությունը, թե մշակույթը միայն հաճելին ու գեղեցիկն է: Հասկանալի է, չէ՞, որ հաճելին, գեղեցիկը, վեհը և այլն, լիովին հարաբերական ու վերացական հասկացություններ են: Արդյունքում մենք այդպես էլ չենք կարողանում առարկայորեն ձևակերպել մեր պատկերացումները գլոբալ մշակույթ երևույթի մասին և այս պայմաններում խոսել, թե ինչն է մշակույթ և ինչը հակամշակույթ, պարզապես անիմաստ է: Եվ միայն այն դեպքում, երբ կկարողանանք կրել մշակույթն ընկալելու մշակույթը, կարող ենք շատ ավելի մեծ բաների մասին խոսել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում