Թուրքիան անհրաժեշտության դեպքում կարող է մեծացնել իր ռազմական ներկայությունը սիրիական Իդլիբում. Էրդողանի խոսնակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան անհրաժեշտության դեպքում կարող է մեծացնել իր ռազմական ներկայությունը սիրիական Իդլիբում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը, գրում է թուրքական «Սաբահ» պարբերականը։
Քալընը նշել է, որ թուրքական ԶՈւ-ն նախկինում էլ էր համագործակցում ռուսական ուժերի հետ Իդլիբում՝ համակարգելով գործողությունների մեծ մասը։ Այժմ, ըստ Էրդողանի խոսնակի, այդ փոխգործակցությունն ինտենսիվացել է։
Նրա խոսքով՝ Իդլիբում չափավոր ընդդիմադիրների ու ծայրահեղական ջիհադականների տարանջատումը կարևորություն է ներկայացնում Թուրքիայի համար։
«Իդլիբի ամբողջ հարցն ու ահաբեկչության դեմ պայքարը Թուրքիայի ուսերին բարդելը ճիշտ չէ, դա անընդունելի է։ Միջազգային հանրության պատասխանատվությունը միայն հաջող պայմանավորվածության վերաբերյալ շնորհավորանքներ հղելով չէ, մենք սպասում ենք, որ միջազգային հանրությունն ունենա իր ներդրումն այս ամենի մեջ, նրանք պետք է ավելի շատ աջակցեն Թուրքիային, որը միայնակ է իր վրա վերցրել այս բեռը», - ասել է Քալընը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս եկել են ընդհանուր որոշման, ըստ որի՝ սիրիական Իդլիբում՝ զինյալ ընդդիմադիր խմբավորումների ու սիրիական բանակի շփման գծի միջև, կստեղծվի ապառազմականացված գոտի։