Ֆրանկոֆոնիան նոր Հայաստանում. ուրախանալու, բայց և մտորելու առիթ
ՔԱՂԱՔԱԿԱՆԵթե Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն անցկացվեր մեկ տարի առաջ, ապա այն դառնալու էր հերթական պաշտոնական իրադարձությունը: Այժմ, սակայն, փոխվել է գագաթաժողովի անցկացման կոնտեքստը ՝ թե՛ մեր, թե՛ աշխարհի ՝ մեր հանդեպ ունեցած նոր սպասումների կոնտեքստում: Հայաստանում ստեղծված իրավիճակը, հույսերն ու սպասումները, նոր Հայաստանի մասին տարբեր ու ընդհանուր երազանքները, հասարակության լայն շերտերի արդարացված սպասումները, իշխանության խոստումները որակապես նոր երկիր ստեղծելու մասին, Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին հաղորդել են բոլորովին այլ իմաստ: Սա, ըստ էության, Հայաստանում անցկացվող ամենամեծ միջազգային իրադարձությունն է հեղափոխությունից հետո:
Շատ կարևոր է հասկանալ, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը հզոր լիցքեր պարունակող սիմվոլիկ իրադարձություն է՝ իր դրական կողմերով ու ռիսկերով հանդերձ: Դրական հենց այն վերոնշյալ կոնտեքստում, որի մասին խոսեցինք: Հայաստանը փոփոխված իրավիճակով հնարավորություն ունի ներկայանալ աշխարհի մի շարք երկրների, որոնց թվում առաջնային դերն իհարկե Ֆրանսիայինն է: Մյուս կողմից՝ այս իրադարձությունը, իր սիմվոլիկ լիցքերով հանդերձ, առիթ է հասկանալու, որ քաղաքականությունը մեկ օրվա, մեկ իրադարձության ու ընդհանրապես սիմվոլիկ ջերմության գործ չէ: Այն ենթադրում է երկարատև աշխատանք: Ֆրանսիայի համար, օրինակ, ֆրանկոֆոն ընտանիքն ունի թե մշակութային, թե քաղաքական իմաստ՝ սկսած, ասենք, ՄԱԿ-ում ֆրանկոֆոն գործընկերներ ունենալու հանգամանքից, վերջացրած Ֆրանսիայի համաշխարհային քաղաքական ազդեցությունը տարածելուց՝ տարբեր մայրցամաքներում: Այս իմաստով հետաքրքրական է՝ ինչպե՞ս է Հայաստանը կապիտալիզացնելու տեղի ունեցող գագաթաժողովի ռեսուրսը ոչ միայն մշակութային, այլև քաղաքական հարթության մեջ:
Մեկ այլ կարևոր հարց: Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից առաջ հայտնի դարձավ, որ Ֆրանսիան ու Ադրբեջանը բանակցում են ռազմանավերի գնման շուրջ: Որևէ կերպ մեղադրել Ֆրանսիային` դժվար է, որովհետև լինելով գերտերություն ու ունենալով սեփական տնտեսական ու ռազմաքաղաքական շահերը` Ֆրանսիան որևէ կերպ կաշկանդված չէ Հայաստանի ու հայ ժողովրդի հետ մշակութային մտերմությամբ: Սա իր հերթին Հայաստանի համար առաջնային է դարձնում Ֆրանսիայի հետ հարաբերությունները, մշակութային ու մարդկային սերտ կապերը ամուր քաղաքական վստահության կապիտալիզացնելու, արդեն իսկ կապիտալիզացվածը ամուր պահելու առումով:
Այս իմաստով Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը ինչքան որ ուրախանալու, այդքան էլ մտորելու առիթ է: Որևէ վերջնական հանգրվան քաղաքականության մեջ չկա, քաղաքականությունն անվերջ փոփոխվող իրավիճակ է: Միաժամանակ չկա, այսպես ասած, հավերժական բարեկամություն կամ ազգերի միջև եղբայրություն: Գուցե այն կա մշակութային, մարդկային, ժողովրդական մակարդակում, բայց քաղաքական մակարդակում դրանք ընդամենը բարի ցանկություններ են: Հետևաբար հիմնական հարցը, որ պետք է տալ տեղի ունեցող իրադարձություններից հետո հետևյալն է ՝ ինչպե՞ս է Հայաստանը պատրաստվում կապիտալիզացնել իր հնարավորությունները մշակութայինից դեպի քաղաքական, արժեքայինից դեպի շահերի իրացման դաշտ, հատկապես հիմա՝ նոր Հայաստանում դրա ընձեռած հնարավորությունների ու սպասումների կոնտեքստում:
Լևոն Մարգարյան