Կառավարությունն այս հապճեպությամբ ԸՕ նախագիծը բերում է, որ այն չանցնի և դա դարձնի քաղաքական հերթական հիստերիայի առարկա. Վիգեն Սարգսյան
ПОЛИТИКАՀՀԿ անդամ Վիգեն Սարգսյանը այսօր Ազգային ժողովում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումից հետո նշեց, որ հանձնաժողովը ինտեսիվ չի աշխատել խորհրդարանում չորս ֆրակցիաների կողմից ստեղծված աշխատանքային խմբի հետ: «Ավելին` այդ խմբի կողմից կային կոնսենսուսային առաջարկներ, որոնք հաշվի չեն առնվել նախագծում»,-ասաց նա և նշեց, որ այն օրեր առաջ է ուղարկվել Վենետիկի հանձնաժողով, այն էլ՝ ոչ վերջնական, և նշվել է, որ չեն հասցնելու պատասխան ստանալ, ինչը, ըստ նրա՝ անարգանք է Վենետիկի հանձնաժողովի նկատմամբ:
Վիգեն Սարգսյանի խոսքով՝ ավելի հեշտ էր չուղարկելը՝ ասելով, որարտակարգ իրավիճակ է:
Նրա կարծիքով՝ այն հապճեպությունը, որ մենք տեսնում ենք, պայմանավորված է այն հանգամանքով, որ իշխող քաղաքական ուժն իր համար նպաստավոր է համարում քաղաքական ընտրություն անցկացնելը և իր համար դիմում է մի քայլի, որը վնաս է հասցնում ժողովրդավարությանը, կուսակցությունների կայացման գործընթացին:
Նա նշեց, որ խմբակցությունը դեռ պետք է քննարկի, բայց իր անձնական համոզմամբ՝ կուսակցություննեը ստեղծվում են նրա համար, որ պայքարեն իշխանության համար, գան իշխանության, կորցնեն իշխանությունը, դառնան ընդդիմություն և նորից դառնան իշխանություն:
«Այն կուսակցությունը, որ իշխանություն կորցնելուց հետո քաղաքական դաշտից սրբվում է, գնում է, դա արկածախնդիրների կուսակցություն է: Ես ՀՀԿ-ին անդամակցել եմ, քանի որ այն քաղաքական ուժն է, որ ունի դիրքորոշում կարևոր հարցերում, և եթե ՀՀԿ-ն երկար տարիներ իշխանություն լինելուց, այն կորցնելուց հետո համարի, որ այլևս անելիք չունի դաշտում, դա կլինի մեծ հիասթափություն՝ կուսակցության հարցում իմ ընտրությունից»,-ասաց նա:
Նա մեջբերեց Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական կարծիքը, որ ընտրական օրենսգրքի փոխվելուց հետո պետք է ժամանակ, որ կուսակցությունները պատրաստվեն այդ օրենսգրքով գնալ ընտրություններին:
Ինչ վերաբերում է նոր օրենսգրքով ընտրություն անցկացնելուն, նա ասաց, որ տեխնիկապես ամեն ինչ հնարավոր է: «Բայց ես կոնցեպտուալ սխալ եմ տեսնում ընտրական օրենսգիրքը հապճեպ փոխելու մեջ, ես կարծում եմ, որ դա ոչ մի լավ բանի չի բերում: Ես մի կարծիք ձևավորեցի, որը մի հարցով նաև հաստատեցի, և ասացի դա պարոն Միրզոյանին: Ես համոզմունք ունեի, որ կառավարությունը այս հապճեպությամբ նախագիծը բերում է, որ այն չանցնի և այդ չանցնելը դարձնի քաղաքական հերթական հիստերիայի և քարոզչության առարկան: Ես ամրապնդեցի այդ կարծիքը: Իմ մոտ տպավորություն կա, որ կառավարությունն այս նախագիծը բերելով, ուզում է կատարած լինել իր նախընտրական խոստումը, այնուհետև ձեռքերը լվանա ասի` դե ես բերեցի, խորհրդարանը չընդունեց»,-ասաց նա:
Ըստ նրա` կա հապճեպություն, որը քաղաքական դաշտի և կուսակցություններին խանգարելու է: «Ես դեմ եմ, երբ խորհրդարանական հանրապետությունում, խորհրդարանի ընտրության հարցը քննարկվում է գործադիրում, իսկ չորս խմբակցությունը, այդ թվում «Ելքը» այստեղ նստած աշխատում են, իրենց բանի տեղ չեն դնում»,-ասաց նա և նշեց, որ հիմա ուշ է: