Մինչև նորի ընտրությունը հրաժարական տված վարչապետը շարունակում է պաշտոնավարել. Նիկոլայ Բաղդասարյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈչ մի խնդիր չի առաջանում: Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը` անդրադառնալով հարցին, թե ինչպես է կարգավորվում հրաժարական տալուց և այդ հրաժարականի ընդունումից հետո վարչապետի պարտականությունների կատարումը:
«Սահմանադրությունը կարգավորում է, որ նա մինչև նոր վարչապետի ընտրությունը շարունակում է պաշտոնավարել»,- ասաց փաստաբանը՝ բացատրելով, որ հրաժարական տված վարչապետն իր պարտականությունները կատարում է արդեն որպես ժամանակավոր պաշտոնակատար, ինչն օրենքով է կարգավորվում:
«Բոլոր պաշտոնյաներն իրենց լիազորությունները դադարեցնում են, երբ հաջորդ պաշտոնատար անձը լիազորությունները ստանձնում է: Վարչապետի հրաժարականից հետո կառավարությունը հրաժարական է տալիս, նախագահն ընդունում է, և նրանք ձեռք են բերում ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակ մինչև նոր կառավարության ձևավորումը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հրաժարական էր տվել վարչապետի պաշտոնից, նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել էր կառավարության հրաժարականը: