Կարճատև օգուտի համար չի կարելի վնասել բնությունդ, երկիրդ, ժողովրդիդ. Սերժ Թանկյանի կոչը՝ կապված Ամուլսարի հանքի շահագործման հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը հատուկ ուղերձ է հղել՝ կապված Ամուլսարի հանքի շահագործման ու դրա դեմ քաղաքացիական բողոքի ակցիաների հետ:
Թանկյանն իր աջակցությունն է հայտնել հանքի շահագործմանը խոչընդոտել փորձող ակտիվիստներին՝ հիմնավորելով այն պատճառները, թե ինչու է նա դեմ հանքարդյունաբերությանը:
«Մենք գիտենք, որ հանքերը հարատև վնաս են հասցնում բնական միջավայրին՝ անկախ նրանից, թե դա ինչ տիպի հանք է, թե որքան լավ է վերահսկվում հանքի գործունեությունը աղտոտիչների առումով, այն ամեն դեպքում հարատև վնաս է հասցնելու բնական միջավայրին: Մանավանդ բաց հանքերը, ինչպես առաջարկվել է Ամուլսարի դեպքում, որտեղ օգտագործվելու են պայթուցիկներ և այլն: Ոչ մի երաշխիք չկա, որ աղտոտիչները չեն թափանցի ջրային ավազաններ»,- ասել է Թանկյանը:
Նրա խոսքով՝ հանքերի ստեղծած վտանգը հարատև է, իսկ դրանց հակադրվող օգուտը, այն է՝ աշխատատեղերի ստեղծումը՝ ժամանակավոր, ինչը պատճառ է դարձել, որ մի շարք արդյունաբերական երկրներում հրաժարվեն հանքարդյունաբերությունից կամ էլ էականորեն կրճատեն շահագործվող հանքերի քանակը: