«Եվրասիական շաբաթ» համաժողովի մասնակիցը կարևոր է համարում ԵԱՏՄ-ում բիզնեսի համար հավասար պայմանների ապահովումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Եվրասիական շաբաթ» համաժողովի մասնակից, ռուս փաստաբան Դմիտրի Կիրիլովն այն կարծիքին է, որ Եվրասիական տնտեսական միության տարածքում բիզնեսի առաջընթացի համար առաջնահերթ է բոլորի համար հավասար պայմանների ստեղծումը:
Երևանում ընթացող «Եվրասիական շաբաթ» համաժողովի շրջանակներում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Կիրիլովն ընդգծեց, որ համաժողովի ընթացքում թե՛ տարբեր չինովնիկները, թե՛ բիզնեսի ներկայացուցիչները խոսում են Միության տարածքում բիզնեսի համար հավասար պայմանների անհրաժեշտության մասին:
«Կարծում եմ, որ միության տարածքում բիզնեսի առաջընթացի համար հիմնական խոչընդոտը ներդաշնակեցման ոչ բավարար մակարդակն է: Այսօր և երեկ քննարկումների ընթացքում մենք չինովնիկներից ու բիզնեսի ներկայացուցիչներից հիմնականում լսում ենք, որ Եվրասիական տնտեսական միության տարածքում բիզնեսի համար լինեն խաղի հավասար կանոններ, ներդաշնակություն»,- ասաց Կիրիլովը՝ շեշտելով, որ այս ուղղությամբ պետք է աշխատանք տարվի:
Նա անդրադարձել է նաև բիզնեսի ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությանը՝ նկատելով, որ կա փոխադարձ հետաքրքրություն: Դմիտրի Կիրիլովն ընդգծել է, որ հայկական բիզնեսը շատ լավ աշխատում է ՌԴ-ում, ռուսական բիզնեսը նույնպես հայկական շուկայում ներկայացված է: