2019 թվականի առաջին կիսամյակում 98 վարորդներ ոչ սթափ վիճակու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը․ ՄԻՊ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հակառակորդը հրադադարի ռեժիմը մեկ շաբաթվա ընթացքում խախտել է ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՌԴ-ն չի հանձնի Միհրան Պողոսյանին. Դատախազություն ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների հա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 18.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Փաշինյանն իրագործում է ԱՄՆ ճանապարհային քարտեզը

ԱԺ նախագահի ղեկավարած պատվիրակությունն այս օրերին Մոսկվայում է՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և պատվիրակությունների լիագումար նիստին մասնակցելու համար: Մինչդեռ, այս նիստը պետք է գումարվեր Երևանում: Նման բարձր վստահությունից Հայաստանը զրկվել է անձամբ Փաշինյանի նկատմամբ ՀԱՊԿ ղեկավարության և անդամ երկրների նախագահների շեշտված ու անթաքույց անվստահության պատճառով:

Նիստը Երևանում չգումարելու մոտ մեկ ամիս առաջ կայացված որոշումից ակնհայտ է, որ խիստ որոշակի ու հիմնավոր մտահոգություններ են եղել, որոնք նույնքան լուրջ ու ծանրակշիռ պատճառներ են ունեցել: Միանգամայն իրազեկ աղբյուրից մեզ հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ ղեկավարությունը հրաժարվել է աշխարհաքաղաքական ու ռազմավարական հույժ կարևոր խնդիրները քննարկել տեղեկատվական կազմակերպված արտահոսքի և գաղտնալսումների պայմաններում: 

Ըստ մեր իրազեկ աղբյուրի փոխանցած տվյալների, դեռ հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների թիվը առնվազն ութնապատկվել է: Միաժամանակ, ի հայտ են եկել հանգամանքներ ու գործողություններ,  որոնցից ակներև է դառնում, որ ապրիլ-մայիսին տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» ընդհանուր գծերով ո՛չ միայն վաղօրոք ծրագրված է եղել, այլ նաև տրամադրվել են անհրաժեշտ բոլոր գործիքները. Ճանապարհային քարտեզ, ֆինանսական օժանդակություն, մարդկային ներուժի աջակցություն, վերլուծական ու տեխնիկական  ապահովում:

Մասկվայում մեր խորհրդարանական պատվիրակության անդամներին ևս մեկ անգամ շեշտված ներկայացվել են այս իրողությունները:  Նաև ընդգծվել է, որ ձեռք բերված հիմնավոր տվյալները և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպման ամփոփ վերլուծությունը փաստացի հաստատել են, որ Փաշինյանը քայլ առ քայլ իրագործում է ԱՄՆ-ում տարիներ առաջ մշակված ճանապարհային քարտեզը: Դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն ու Փաշինյանի թելադրանքն անվերապահորեն կատարող Ազգային ժողով ունենալը այս ճանապարհային քարտեզի բաղկացուցիչն է:

Ամերիկյան այս ծրագրի վերջնական նպատակը, ըստ մեր իրազեկ աղբյուրի, Վրաստանի ու Ուկրաինայի համանմանությամբ՝ Հայաստանը Ռուսաստանի ազդեցության դաշտից դուրս բերելն ու ամերիկյան վերահսկվող կառավարման համակարգ ներդնելն է: Ռուսաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունք առաջացնելու և այն տևական ժամանակ անշրջելի դարձնելու նպատակով էլ այս գործընթացն անվերապահորեն ուղեկցվելու է Արցախի ու Հայաստանի տարածքային կորուստներով, որի մեղավոր է նշանակվելու Ռուսաստանը:

Մասնավորելով Ուկրաինայի ու Վրաստանի առկա վիճակը, մեր իրազեկ աղբյուրը մատնանշեց, որ Սաակաշվիլու իշխանավարությունից այսօր Վրաստանը ժառանգել է Ռուսաստանի հետ շատերին անվերականգնելի թվացող թշնամանք ու տարածքային անվերադարձ կորուստներ, իսկ Ուկրաինայում  անհամեմատ վատթար ազգամիջյան թշնամանք է հրահրվում առաջիկա նախագահական ընտրությունների միջոցով, որի ծրագրված ավարտը նշանավորվելու է երկրի մասնատմամբ: Ստացվում է, որ նույն ճակատագիրը դեռ տարիներ առաջ ԱՄՆ-ն նախապատրաստել է նաև մեր երկրի ու ժողովրդի համար, իսկ հիմա իրագործում է:

Հանգամանալիորեն անդրադառնալով ծրագրի ու ժամանակային քարտեզի որոշ մանրամասների ու հանգամանքների, մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ ամերիկյան այս նախաձեռնությունը առաջին անգամ փորձ է արվել իրագործել 2011-2012 թվականներին, սակայն նախագահ Սերժ Սարգսյանը մի որոշ պահի, անձնական ու արտաքին այլ նկատառումներով, հրաժարվել է կտրուկ շրջադարձերից, Ռուսաստանի հետ հարաբերությունները անվերականգնելիորեն լարելու, ապա և՝ խզելու ծրագրից, շարունակել է ավանդական կոմպլեմենտար քաղաքականությունը:

Նախագահական երկրորդ շրջանի ավարտին, սակայն, ամերիկյան առավել ակտիվ ներգործություների, աշխարհաքաղաքական որոշակի գործոնների, բացառված չէ՝ նաև ճնշումների ու շանտաժի, անձնական հաշվարկների հետևանքով, գործող նախագահը փոխել է իր դիրքորոշումները: Նա նախ որդեգրել է իր ու իշխաղ քաղաքական ուժի նկատմանբ հանրային հիասթափություն առաջացնող ներքին, տնտեսական, կադրային «բարեփոխական» քաղաքականություն, ապա կատարել է հետևողական քայլեր, որոնք իշխանություններին հնարավորինս զրկել են ավանդական հենարաններից ու մարդկային, մասնագիտական ռեսուրսից:

Այս ամենից առաջացած իրավիճակում գործող նախագահը, ըստ մեր իրազեկ աղբյուրի, դարձյալ հրաժարվել է ամերիկյան ծրագիրն անձամբ իրագործելուց, որոշել է խաղից դուրս գալ: Ամենայն հավանականությամբ, թեև մեր իրազեկ զրուցակիցը ունի նաև դա հաստատող փաստեր ու հիմնավորումներ, հապշտապ կայացվել է իշխանությունը «գունավոր հեղափոխության» տարբերակով մեկ ուրիշին զիջելու որոշակի պայմանավորվածություն: Պնդումներ կան, որ եղել են նաև այլ թեկնածուներ, սակայն ամերիկյան կողմը նախընտրել է խաղի մեջ մտցնել մինչ այդ բոլորովին այլ միսիայի հանար նախապատրաստված Նիկոլ Փաշինյանին:

Մեր իրազեկ աղբյուրը չի բացառում, որ այս զարգացումները անակնկալ են դարձել նաև վարչապետ Սերժ Սարգսյանի համար: Թեև որոշակիորեն նա խաբված վիճակում է հայտնվել, սակայն արդեն նահանջելու տեղ չունենալով՝ նույնիսկ առանց ՀՀԿ-ին տեղեկացնելու, հրաժարական է ներկայացրել: Ակնհայտ է, որ ամերիկյան «գործընկերները» ոչ միայն թյուրիմացության մեջ են գցել գործող վարչապետին, այլ նաև հերթական անգամ ապացուցել են, որ ցանկացած պայմանավորվածություն գործում է լոկ այնքան, քանի դեռ այն համապատասխանում է ԱՄՆ շահերին ու նպատակներին, և անմիջապես դադարում է գործել, երբ այն ԱՄՆ-ին այլևս պետք չէ: Այսպես զոհաբերվեց Սաակաշվիլին, սրա զոհն են դարձել Սերժ Սարգսյանը, առաջիկա օրերին կզոհաբերվի Պորոշենկոն, իսկ ամիսներ անց՝ Փաշինյանը:

Մինչ այդ, սակայն, նա պարտավոր է մինչև վերջ կատարել ԱՄՆ նախագծած ճանապարհային քարտեզում նշված բոլոր առաջադրանքները: Փաշինյանն արդե՛ն մեր պետության հիմքերը խարխլելու, միջազգային համարումը խաթարելու, Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու և ռազմավարական դաշնակցի նկատմամբ հասարակական բացասական կարծիք ստեղծելու մի շարք նպատակային քայլեր կատարել է: Նա արդեն Արցախի հիմնախնդրի լուծումը ոչ հայանպաստ հանգամանքներով պայմանավորելու, նախորդ տարիներին կատարված աշխատանքի արդյունքները զրոյացնելու, բանակցային գրծընթացը հարկադրման իրավիճակի բերելու ԱՄՆ-ի թելադրած բոլոր նախադրյալներն ստեղծել է:

Թավշյա հեղաշրջման պլանային առաջադրանքների շարքում են եղել, ինչը մեր իրազեկ զրուցակիցը հիմնավորում է փաստերով, Ռուսաստանի հետ քազմաքաղաքական դաշինքը խաթարելը, ռուսական սահմանապահ զորքերի ներկայության ու Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի շուրջ հանրային բողոք հրահրելը, ՀԱՊԿ շրջանակներում ևս Ռուսաստանի և մասնակից երկրների հետ հարաբերությունները ցանկացած եղանակով ու առիթով փչացնելը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի նկատմամբ անձնական վարկաբեկիչ կարծիք ձևավորելն ու հնարավոր բոլոր կարգի մեղադրանքներ առաջադրելը:

Փաշինյանը նաև հետևողականորեն իրագործել է այն, ինչն արել է նաև տարիներ շարունակ. մեթոդաբար բացասական վերաբերմունք է արտահայտել բանակի հրամանատարական կազմի, ղեկավարների ու երևելի զինվորականների, որոշակի հեղինակություն ունեցող Արցախյան ազատամարտի մասնակիցների մասին: Վարչապետի պաշտոնն ստանալուց հետո, սակայն, նրա այս գործելաձևը դարձել է ԱՄՆ մշակած ու նրան առաջադրված ճանապարհային քարտեզի կարևոր բաղկացուցիչը և ստացել է նոր բնույթ:

Ազգային հերոսների, իրեն չսատարող քաղաքական գործիչների ու պետական վերնախավի դեմ վարչապետ Փաշինյանն իր վաղեմի պայքրը շարունակել է արդեն իրավապահ մարմիններին իր կամքը թելադրելու, քրեական գործեր հարուցելու պատվերներ իջեցնելու, պետական միջոցներով անձնական հաշվեհարդարներ կազմակերպելու ձևերով: Այս շարքում հատկապես մեծ հասարակական աղմուկ առաջացրեց գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ հաշվեհարդարը, ու թեև ամիսներ անց պարզվեց, որ զգայական գնահատականները ոչ մի փաստական հիմք չունեն ու առաջադրված քրեական հանցանքը հնարածին է, բայց մահամերձ գեներալի խափանման միջոցը փոխելը առայսօր զուտ ֆինանսական ու գույքայի սակարկումների փուլում է:

Առավել ճչացող քաղաքական հաշվեհարդարի փորձեր են Հայաստանի և Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նրա ընտանիքի անդամների դեմ հարուցված քրեական գործերը: Դրանք անմիջապես էլ փլուզվեցին փաստերի օրինաչափ բացակայության ու մեղադրանքի հիմնազուրկ լինելու պատճառներով, սակայն քրեական գործերը առայսօր չեն վերացվել: Մեր իրազեկ զրուցակիցը հավաստիացնում է, որ Ռուբերտ Քոչարյանի դեմ ձեռնարկված միջացառումները  ԱՄՆ-ում մշակված ճանապարհային քարտեզի կարևոր բաղկացուցիչն են: Ամերիկյան վերլուծաբանները համոզված են, որ Փաշինյանին Արցախի ազատագրված տարածքները հանձնելու, Թուրքիայի ու Ադրբեջանի համար տարածաշրջանում հնարավորինս բարենպաստ աշխարհաքաղաքական պայմաններ ապահովող քաղաքականություն վարելու, Հայաստանում բռնապետություն հաստատելու առաջադրանքները կատարելուն կարող է խոչընդոտել միայն Ռոբերտ Քոչարյանը: Նրան ֆիզիկապես մեկուսացնելու Փաշինյանի նպատակադրությունը ուղղակիորեն ապացուցվեց, երբ հրապարակվեց  ԱԱԾ պետի ու ՀՔԾ ծառայության ղեկավարի հեռախոսազրույցի գաղտնալսումը:

Ինչևէ. Բոլթոնի հետ հանդիպման ընթացքում Փաշինյանը նաև նոր առաջադրանքներ է ստացել ու դրանք իրագործելու անսահմանափակ հնարավորություն ստանալու համար նա պետք է հնարավորինս շտապի ու կարողանա լուծարի գործող ԱԺ-ն, դեկտեմբերին անցկացնել արտահերթ ընտրություններ ու նշանակել իր կամքը հլու կատարող Ազգային ժողովի պատգամավորներ, պառակտի ժողովրդին ու թյուրիմացությունների մեջ գցի հասարակության բոլոր շերտերին, ազատություններ ապահովի բոլոր տեսակի սոցիալական փոքրամասնությունների ու կրոնական աղանդների համար: Այլապես Փաշինյանի միսիան կատարված չի համարվի, նա կտապալվի, իսկ Արցախն ու Հայաստանը կազատվեն տարածքային կորուստերի վտանգից:   

 Գոռ Հարությունյան

 

 

website by Sargssyan